ԲԴԽ-ում հարցնում են՝ Դատավորների արտահերթ ժողով գումարելու համար 93 ստորագրողներից մեկը դո՞ւ ես, ինչի՞ ես ստորագրել. դատավոր Հարությունյան
«ԲԴԽ նիստում դատավորի թեկնածուին պաշտոնական հարցազրույցի ժամանակ հարցնում են, թե Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով գումարելու համար 93 ստորագրողներից մեկը դո՞ւ ես, արդյո՞ք քո կամքով ես ստորագրել կամ ինչի՞ ես դա ստորագրել, ապա ենթադրում եմ, որ սպասելի էր, որ ժողովը այսօր չկայացավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ներկա էր ընդամենը 89 դատավոր:
Հարցին՝ արդյո՞ք կարող են ասել, որ դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվել, որ այս ժողովը տապալվի, նա պատասխանեց. «Այս ժողովը գումարվել էր, որ հենց տապալվի, կանխվի, սահմանափակվի, չեզոքացվի դատավորների նկատմամբ ճնշումը»:
Դավիթ Հարությունյանը հնարավոր համարեց, որ նույն օրակարգով կրկին արտահերթ ժողով հրավիրվի, մեկ անգամ ժողով չկայանալը դեռ ոչինչ չի նշանակում:
«Գործընկերներից մեկն ասում է, որ սա այն իրավիճակն է, երբ պատուհանից տեսնում ես, որ բակում անմեղ մեկին ծեծում են մի քանի հոգով, կողքի բակից էլ են եկել ծեծում ու բնական է, որ շատերը չեն իջնի կանխեն: Ես այդ տարբերակին հակված չեմ, ես հակված եմ, որ բոլոր դատավորներն էլ իրենց իրավունքների համար մտահոգ են, և պայքարը տարբեր եղանակներով են տեսնում»,-ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձում են կոտրել դատական համակարգը. դատավոր Արման Հովհաննիսյան
- Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել
- Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
- Դավիթ Հարությունյան. Ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը