Արման Թաթոյանի հետ ՄԻՊ աշխատակազմից հեռացել են նաև աշխատակիցները
Արման Թաթոյանի հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հեռացել են նաև աշխատակիցներն ու մամուլի խոսնակը:
Նունե Հովսեփյանը գրել է. «Արդեն մեկ շաբաթ է գտնվում եմ արձակուրդում, որի ավարտից հետո իմ դիմումի համաձայն կազատվեմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից։
Իմ կարծիքով՝ նոր ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ով իրականացնի իր աշխատանքի հանրայնացումը և այդ հարցում չպետք է կաշկանդված լինի իմ պաշտոնի համար նախատեսված երաշխիքներով։
Վերջին 5 տարիներն ինձ համար եղել են փորձություններով, հիասթափություններով ու հաջողություններով լի տարիներ։ Անկախ դրանից՝ ամեն օր զարգացրել եմ իմ մասնագիտական կարողություններն ու ներդրել դրանք իմ աշխատանքում՝ առանց հաշվի առնելու օրվա ժամը, տոնական օրերն ու իմ անձնական կյանքը։
Շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ պարոն Թաթոյանին, հանրային կապերի պատասխանատու ու բարդ ոլորտն ինձ վստահելու համար և, իհարկե, այն բոլոր մարդկանց, որոնք տարբեր տարիներին աշխատել են հանրային կապերի բաժնում, քանի որ առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ ապահովել դրական արդյունք։
Շնորհակալ եմ նաև լրագրող գործընկերներիս, քանի որ իմ կարծիքով՝ համագործակցությունն իսկապես ստացված է եղել։
Ցանկացած աշխատավայրում առաջնայինն ինձ համար եղել և մնում են մարդիկ, և ես շատ ուրախ եմ, որ այս աշխատավայրից ևս շատերը կմնան իմ կյանքում՝ որպես անփոխարինելիներ:
Այս տարիներին ձեռք եմ բերել այնպիսի կարևոր փորձ ու հմտություններ, որոնք իմ առջև արդեն նոր հնարավորություններ են բացել»։
ՄԻՊ օգնական Տաթևիկ Մանուկյանը գրել է. «Մեծ հպարտությամբ, կարևոր ձեռքբերումներով ու անմոռանալի հիշողություններով ավարտում եմ աշխատանքս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն Թաթոյան։ Դուք բարձր պրոֆեսիոնալիզմի և իսկական հայրենասեր մարդու բացառիկ օրինակ եք եղել մեզ համար։
Եվ իհարկե շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ եղել ենք մի մեծ ընտանիք ու կիսել ենք միևնույն արժեքները»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Արման Թաթոյանն արդեն Մարդու իրավունքների պաշտպան չէ։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։ Պաշտպանն ընտրվում է վեց տարի ժամկետով։
Արման Թաթոյանին հաջորդել է Քրիստիննե Գրիգորյանը։ Նա ՄԻՊ է ընտրվել հունվարի 24-ին, թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը ոչ միայն լավ գործընկեր է, այլև հուսալի ու հավատարիմ մարդ․ Գեղամ Ստեփանյան
- Արման Թաթոյանը շատ վատ լուր ունի ադրբեջանական իշխանությունների համար
- Որևէ մեկը չի կարող ասել, որ ՄԻՊ Արման Թաթոյանը եղել է ինչ-որ մի Կառավարության ազդեցության ներքո․ Արման Թաթոյան
- «Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի, համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ»