Բեռլինի սուպերմարկետում թիկնապահի ներկայությամբ գողացել են Անգելա Մերկելի դրամապանակը
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են Բեռլինում գնումներ կատարելիս։ «Դոյչե վելե»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է dpa գործակալությունը: Ըստ հաղորդագրության՝ հինգշաբթի՝ փետրվարի 25-ի առավոտյան, Մերկելը գնացել է Շառլոտենբուրգ թաղամասի սուպերմարկետ, որտեղ էլ տեղի է ունեցել գողությունը։
Ոստիկանությունից միայն հաստատել են, որ գողության մասին հայտարարություն են ստացել «67-ամյա կնոջից»՝ չնշելով տուժողի անունը։ Դրամապանակի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք և կանխիկ գումար։ Մերկելի գրասենյակը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Գնումների ժամանակ նախկին կանցլերին ուղեկցել է Դաշնային քրեական գրասենյակի (BKA) առնվազն մեկ թիկնապահ, գրում է dpa-ն։ Ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը։ Bild թերթի փոխանցմամբ՝ Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել մթերային սայլակից։
Մերկելը հայտնի է նրանով, որ նույնիսկ Գերմանիայի կառավարության ղեկավար եղած ժամանակ ինքն էր միշտ գնումներ կատարել։ 2021 թվականի ընտրություններից հետո Մերկելը որոշել է հեռանալ մեծ քաղաքականությունից, նա 16 տարի եղել է Գերմանիայի կանցլեր։