Գագիկ Ջհանգիրյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության. «Փաստինֆո»
ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կհարցաքննվի ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանից։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ում պահանջով զինվորական դատախազություն է ուղարկվել սպանված զինծառայողի վերաբերյալ քրեական գործը, այնուհետև ապօրինաբար կասեցվել։
Հայարփի Սարգսյանի փոխանցմամբ՝ միջնորդությունը քննիչը մերժել էր, թեև նախաքննությունը երկարացնելու միջնորդությամբ հենց քննիչն էր նշել նրանց հարցաքննելու անհրաժեշտությունը, սակայն անհայտ պատճառով նրանց չէր հարցաքննել, գործը այդպես էլ ցանկանում էր կարճել։
«Դատախազը քննիչին ուղղված գրությամբ հայտնել էր, որ իրավասու չէ նրանց արարքներին իրավական գնահատական տալ առանց վերջիններիս՝ վաղեմության ժամկետի հետ կապված դիրքորոշման, մինչդեռ քննիչը դա ևս անտեսել էր»,- նշեց Սարգսյանը։
Քննիչի կողմից միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին, ինչը բավարարվել է։ Բողոքը բավարարելու մասին որոշմամբ նշվել է, որ քրեական գործի լուծման տեսանկյունից կարևորություն ունի պարզելու 25.09.2001թ. կայացված վարույթը կասեցնելու որոշման օրինականությունը ստուգած դատախազի կողմից դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկված չլինելու պատճառը, որպեսզի համածառայակիցների կողմից Արման Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ քննությամբ ստացված փաստական տվյալներին իրավական գնահատական տրվեին, ինչպես նաև կատարվեին անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական գործողությունները։
Բացի այդ՝ քրեական գործով մինչ 11.11.2008թ.՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման վերացումը, դատավարական ղեկավարում իրականացրած դատախազներին պետք է հարցաքննել քրեական գործում արտացոլված հանցավոր արարքները որևէ քրեաիրավական գնահատականի արժանացած չլինելու և անհրաժեշտ ու հնարավոր քննչական գործողությունները, որոնց անդրադարձել է նաև դատախազը 11.11.2008թ. որոշմամբ, կատարված չլինելու պայմաններում, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը չվերացնելու վարույթը չվերսկսելու պատճառների շուրջ։
«Ստացվում է, որ գլխավոր դատախազության դատախազը ևս գտնում է, որ մինչև 2008թ. գործը վերահսկող բոլոր դատախազները, ինչպես նաև 2001թ. գործը կասեցնելու ապօրինի որոշման օրինականությունը ստուգած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը պիտի հարցաքննվեն, որպեսզի պարզվի ապօրինի կարգով գործը կասեցնելու պատճառը»,- ընդգծեց փաստաբանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։