Զելենսկին հայտարարել է՝ բանակցությունների համար պատրաստ է գնալ Ստամբուլ, Բաքու, բայց ոչ Գոմել կամ Մինսկ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Բելառուսի ժողովրդին՝ հայտարարելով, որ խաղաղություն է ուզում, բայց բանակցությունների համար բելառուսական քաղաք չի գնա։ Նա պատճառաբանել է, որ Կիևի վրա հրթիռներ են ուղղվել այդ երկրի տարածքից։
«Հիմա շատ են խոսում բանակցությունների մասին, որպես հարթակ նշում են Մինսկը։ Բանակցությունների այդ հարթակն ընտրել ենք ոչ մենք, ոչ էլ դուք, այլ Ռուսաստանի ղեկավարությունը»,-ասել է Զելենսկին՝ դիմելով բելառուս ժողովրդին։
Նա հայտարարել է, որ ցանկանում է պատերազմն ավարտվի, որպես բանակցությունների հարթակ ռուսական կողմին առաջարկել են Վարշավան, Բուդապեշտը, Բրատիսլավան, Ստամբուլը, Բաքուն։
«Եթե դուք չեզոք լինեիք, մենք կխոսեինք Մինսկում։ Ցանկացած քաղաքում մենք պատրաստ ենք, միայն այն երկրում, որտեղից մեր վրա հրթիռներ չեն թռչում։ Միայն այդ դեպքում բանակցությունները կարող են լինել անկեղծ ու իսկապես վերջ դնել պատերազմին»,-ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ ռուսական պատվիրակությունն արդեն մելնել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Նրա խոսքով, պատվիրակության կազմում ընդգրկված են ՌԴ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների ու այլ գերատեսչությունների, այդ թվում ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
«Պատրաստ ենք սկսել այդ բանակցությունները Գոմել քաղաքում»,-ասել էր Պեսկովը։