ՔՊ պատգամավորները դեմ քվեարկեցին մի օրինագծի, որը ժամանակին Փաշինյանն էր հեղինակել. Ագնեսա Խամոյան
«Կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ այն է, որ քննիչը քրեադատավարական ընթացակարգով զուտ գործողություն իրականացնելու դեպքում ավելի կարևոր դերակատարում պետք է ունենա, քան ներկայացուցչական մանդատով օժտված պատգամավորը, որը ցանկանում է գնալ և տեսնել, թե կալանավորվածն ինչ իրավիճակում է գտնվում»,- այսօր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին իր հեղինակած օրինագծի վերաբերյալ Կառավարության տված բացասական եզրակացությունը:
Նրա խոսքով՝ պատգամավորը, լինելով ներկայացուցչական մանդատով օժտված պաշտոնյա, ժողովրդի ընտրյալ, պետք է լինի նաև հետադարձ կապ ապահովող անձնավորություն՝ այդ թվում նաև փակ հաստատություններում գտնվող անձանց հետ:
Շեշտելով, որ պատգամավորներն իրավունք ունեն անարգել մուտք ու ելք ունենալ ցանկացած փակ հաստատություն՝ Վարդևանյանը փաստեց, որ դիտարկվող օրենքով «մուտքն ու ելքը» և «անձին տեսնելը» լրիվ այլ հասկացություններ են ձևակերպվել և նշեց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն այն է, որ երբ պատգամավորը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, ոչ թե բախվի այն իրավիճակին, որ, մտնելով քրեակատարողական հիմնարկի խուց, տեսնի ոչ թե դատարկ պատերը, քանի որ այն անձին, որի մասին ստացել է ահազանգ, հանել են խցից, այլ ՔԿՀ ներկայացուցիչների ներկայությամբ գնա ծանոթանա ահազանգի մասին և ապահովի հետադարձ կապը:
Պատգամավորը հայտնեց, եղել են դեպքեր, որ ինքը այցելել է ՔԿՀ և իրեն ասել են՝ կարող է տեսնել խուցը, բայց ոչ կալանավորվածին, իսկ Երևանի Կենտրոն ՔԿՀ-ում բոլոր կալանավորվածների դեպքում քննիչները տեսակցություններն արգելում են:
«Օրինակ ընտրողը զանգում է պատգամավորին և ասում է, որ իր ամուսինը քրեակատարողական հիմնարկում է և նրան խոշտանգումների են ենթարկել, եղունգներն են քաշել, մատներն են կտրել, կամ շաքարն է բարձրացել և կյանքին վտանգ է սպառնում»,- հիպոթետիկ իրավիճակ նկարագրեց Վարդևանյանը և շեշտեց, որ այդ դեպքում պատգամավորը գնում է ՔԿՀ, իր այցը հիմնավորում այդ ահազանգով, ուզում եմ տեսնել այդ կալանավորված անձի մատները տեղն են, թե ոչ, իսկ ՔԿՀ-ն արգելում է, քանի որ քննիչը մերժել է տեսակցությունն այդ կալանավորված անձի հետ:
Ըստ Վարդևանյանի՝ այդ դեպքը տեսակցություն չէ կալանավորվածի հետ, այլ ուզում են պարզել, թե նրան խոշտանգել են, թե ոչ, մատները կոտրված են, թե ոչ, կենդանի է, թե մահացած:
Նկատելով, որ արհեստական խոչընդոտ է ստեղծվում այդ երաշխիքի ստեղծման ճանապարհին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ այն աբսուրդ է, ԱԺ պատգամավորի կիրառական իրավունքների կոպիտ սահմանափակում, որը պետք է վերացվի:
Վարդևանյանն անընդունելի համարեց նաև գործադիրի մերժման այն հիմնավորումը, թե նման հանդիպման ժամանակ պատգամավորը կարող է քննությանը միջամտել՝ փաստելով, որ այն քրեորեն պատժելի է և դրա կանխարգելման մեխանիզմերն օրենքով կան:
Ագնեսա Խամոյանն էլ ընթերցեց 2016 թվականի ԱԺ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով նա իր հեղինակած օրինագիծը ներկայացնելիս քննադատում էր քննչականի և ԱԱԾ-ի կողմից կալանավորվածներին տեսակցելու արգելքի որոշումը:
«Բայց հանձնաժողովի նիստից հասարակության մոտ կմնա մեկ նախադասություն՝ ԱԺ ՔՊ պատգամավորները դեմ քվեարկեցին մի օրինագծի, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր հեղինակել»,- հայտարարեց Խամոյանը:
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան