Նաիրի Զարյանի անվան դպրոցում լարված մթնոլորտ է. Ահազանգի հետքերով
Երևանի Նաիրի Զարյանի անվան հ130 հիմնական դպրոցում մարտի 11-ին կայանալիք տնօրենի մրցույթին ընդառաջ դասապրոցեսը խաթարվել է, մթնոլորտը լարվել։ Ինչպես Panorama.am-ի խմբագրություն ահազանգած ծնողն է ներկայացնում՝ դասն ու դասամիջոցը չեն տարբերվում, միջանցքներում ցանկացած պահի աղմուկ-աղաղակ է։ Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներն էլ անցած շաբաթ եղել են դպրոցում, ասել են՝ ահազանգեր են ստացել աշակերտների վարքի մասին, հանդիպել ծնողների ու աշակերտների հետ։
Խմբագրությունն էլ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու անգամ անանուն նամակ է ստացել, որտեղ մասնավորապես ասված է. «Կարծես, արդեն տխուր ավանդույթ է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը դպրոցի շարքային ուսուցչին, քաղաքապետարանի «մարդուն», ավելի ճիշտ քաղաքապետարանի «մարդու» կնոջը նշանակել է տնօրենի պաշտոնակատար։ Օրենքը դա չի արգելում, բայց, եթե այդ ուսուցիչը տնօրենի հավակնորդ է, այն էլ ապաշնորհ հավակնորդ, ապա դա առաջացնում է անհավասար պայմաններ ու նյարդային վիճակ դպրոցում։ Իսկ այս դպրոցի պարագայում անհավասար պայմանը շատ մեղմ է ասված։ Տնօրենի պաշտոնակատար Արևիկ Աբրահամյանը նշանակվելուց անմիջապես հետո իր հետ դպրոց է տարել քաղաքապետարանից մի մեծաթիվ ստուգող խումբ, որոնք այդպես էլ կոլեկտիվին ցույց չեն տվել իրենց լիազորությունների ստուգման հանձնարարականը, որքան ժամանակով են ստուգելու և ինչ են ստուգելու։ Ստուգողները պահում են իրենց շատ ագրեսիվ, խոսում են շատ կոպիտ ուսուցիչների հետ, հարցաքննում են նաև աշակերտների ու ծնողների, որպեսզի իբրև վեր հանեն նախկին տնօրենի կողմից թույլ տրված բազում չարաշահումները։ Այնպիսի տհաճ մթնոլորտ է դպրոցում, որ երեխաները չեն ցանկանում գնալ դպրոց, ասում են դա դպրոց է, թե՞ «քաղմաս», մեզ ո՞ւր եք ուղարկում»։
Նամակի վերջում նշվում է. «Ճնշումների չենթարկվելու պատճառով չեմ ներկայանում, սակայն գրվածի ապացույցները կարող եք տեսել դպրոց այցելելով, կամ ուսուցիչների ու աշակերտների հետ զրուցելով»։
Խմբագրության հեռախոսահամարին ահազանգած ծնողն էլ ցավ է հայտնում, որ վերջին տարիներին մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկում բարքերը փոխվել են։
«Տնօրենի պաշտոնակատարը զբաղված է իր ընտրվելով, դասապրոցեսը բարձիթողի վիճակում է, ուսուցիչների լարվածությունն էլ բացասաբար է անդրադառնում աշակերտների վրա։ Ոստիկանության աշխատակիցն ասում է՝ ահազանգեր են ստանում դպրոցից, մեկ ուրիշը դպրոցի սաներին մեղադրում է դպրոցի հարևանությամբ կայանած մեքենայի մասերը գողանալու համար»,-Panorama.am-ին պատմում է ծնողը։
Նա նշում է, որ մրցույթին ընդառաջ տնօրենի պաշտոնակատար Արևիկ Աբրահամյանը տնօրենի պաշտոնի հավակնող Լուսինե Անտինյանին հնարավոր կողմ քվեարկող ուսուցիչներից մեկի դասաժամն է կրճատել, ավարտական 9-րդ դասարանի դասղեկներից մեկին զրկել դասղեկի աշխատանքից։
Panorama.am-ի հետ զրույցում Արևիկ Աբրահամյանը թե անանուն նամակում եղած տեղեկությունները, թե ծնողի պատմածներն իրականությանը չհամապատասխանող է որակում, ասում է՝ լարված մթնոլորտ չկա դպրոցում, այս ամենն իր դեմ է կազմակերպված։ Այն պնդումներին, թե իր ամուսինն աշխատում է քաղաքապետարանի հետ, ու ամուսնու շնորհիվ է ինքը նշանակվել տնօրենի պաշտոնակատար, արձագանքում է՝ ճիշտ չեն, ամուսինն էլ երկրում չէ։
Տնօրենի ԺՊ Արևիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքը մտերիմ հարաբերություններ ունի տնօրենի մյուս թեկնածու Լուսինե Անտինյանի հետ։
«Ես իր հետ շատ մտերիմ եմ, իրար շատ սիրում ենք, հարգում ենք։ Մենք հակառակորդներ չենք, կոլեգաներ ենք, եթե չհաղթենք այդ պրոցեսում, մրցույթի կմասնակցենք այլ դպրոցում։ Ոչ ինձ համար, ոչ էլ Անտինյանի համար սա կյանքի խնդիր չէ»,-ասում է Աբրահամյանը, որն այս ամենում տեսնում է նախկին տնօրենի՝ Արմինե Հովհաննիսյանի մեղքը։
Լուսինե Անտինյանը թիվ 130 դպրոցում աշխատում է արդեն 15 տարի՝ որպես դասվար։ Նա էլ դպրոցում լարվածություն է նկատել, կարծում է՝ արդար մրցույթի դեպքում ինքը կարող է հաղթել։
«Ես աշխատում եմ նույն դպրոցում 15 տարի, կուտակել եմ բավարար փորձ ու գիտելիքներ, ինչը տալիս է վստահություն, որ ասելիք ու անելիք ունեմ տնօրենի պաշտոնում։ Ինձ բացարձակ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ մրցակիցս տնօրենի ժ/պ է, չեն անհանգստացնում նաև ստուգողները, քանի որ իրենց հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել, հարցն ուղղեք նրանց, ում որ թեման անհանգստացնում է։ Իսկ մրցակցիս՝ տնօրենի ժ/պ-ի մասին, կոռեկտ չեմ համարում որևէ պարզաբանում ներկայացնել, կներեք»,-ասում է Լուսինե Անտինյանը։
Լուսինե Անտինյանն ասում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան, բայց աշխատանքից ազատված ուսուցիչն իր մտերիմն է։ Կասկածներ ունի, որ ազատման պատճառը հենց այդ մտերմությունն է։
«Անհամեստորեն ասեմ, որ իմ նկատմամբ ճնշումներ չեն էլ կարող լինել, իսկ մրցույթում պարտվելուց հետո չեմ պատրաստվում մնալ դպրոցում որպես դասվար, հնարավորություններս կփորձեմ մեկ այլ դպրոցում։ Եթե արդեն տնօրենի հավաստագիր ես ստանում, ու մինչև այդ լրջորեն նախապատրաստվում, ուրեմն վաղօրոք ես ծանութեթև անում ուժերդ ու նաև քո հայտի հետ միասին ձևակերպում ամբիցիադ։ Ինչ վերաբերում է լավատեսության, ապա, այո, ես լավատես եմ։ Կարծում եմ, որ աշխարհի շարժիչ ուժը լավատեսներն են»,-նշում է տիկին Անտինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին