Ադրբեջանի և Թուրքիայի կատարված հանցանքներն էլ պետք է արժանի գնահատականի արժանանան ինչպես Եվրոպան փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին. Օհանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն: Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական և կծառայի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շահերին: Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ:
Դեսպանը հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ:
Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Նա կարևորել է աշխատանքի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում, մատնանշել նաև իր նկատած խնդիրները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարությանը:
Սեյրան Օհանյանը կարևորել է Կանադայի, Եվրամիության, ինչպես նաև եվրոպական երկրների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը և այլ հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքներին՝ խմբակցության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական գնահատականների հնչեցումը և իրականացված հանցագործություններին ճիշտ և լիարժեք արձագանքելը:
«Պատերազմից հետո էլ Ադրբեջանի և Թուրքիայի հռետորաբանությունը և նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ և մեր սահմաններից ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա: