ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարգեցին Սումգայիթի զոհերի հիշատակը
«34 տարի առաջ փետրվարի 27-29-ը Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվությամբ իրականացվեցին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները բռնի տեղահանվեցին»,- այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Սումգայիթում սպանված հայերի հիշատակը ոտնկայս հարգելուց հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ այդ դեպքերը Ադրբեջանում հայատյացության առաջին դրսևորումներն էին, որոնք դեռևս չեն արժանացել միջազգային հանրության դատապարտմանը:
«Սա այն իրադարձություններից է, որ տարիների ազդեցության ներքո ցավը չի բթանում, և մենք ամեն օր պետք է հիշենք ողբերգության զոհերին»,- ասաց Վարդանյանը և շեշտեց, որ պետք է դատապարտել ցանկացած հայատյաց գործողություն:
Հանձնաժողովը նիստի օրակարգի առաջին հարցով քննարկեց Քաղաքացիական օրենսգրքում և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի փաթեթը:
«2021 թվականին հիպոթեկային վարկերի պորտֆելն աճել է 33 %-ով, և մի քանի տարի գործող եկամտահարկի հետ վերադարձնելու ինստիտուտն էլ ավելի է խթանել դրանց ծավալի մեծացմանը»,- հարցը զեկուցելիս ասաց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Գործող կարգավորումները թույլ են տալիս մինչև բնակարանի շինարարության ավարտը կնքել գնման պայմանագիր և դրա իրավունքի վրա վարկ ձևակերպել բանկում և գործընթացն սկսել ավելի շուտ, քան շինարարության ավարտական ակտը կլինի»,-հայտնեց Թունյանը:
Պատգամավորը նկատեց, որ այն ձեռնտու է նաև կառուցապատողին, քանի որ նա շինարարության ընթացքում լուծում է իր ֆինանսավորման հարցը:
«Օրենքի ձևակերպումն այնպիսին է, որ նման իրավունքից կարող են օգտվել միայն բազմաբնակարան շենքերում բնակարան ձեռք բերողները»,- ասաց Թունյանը և տեղեկացրեց, որ վերջին շրջանում բանկերն ու նոտարները հրաժարվում են բնակելի տների մասով հիպոթեկային պայմանագրեր կնքել, հղում անելով օրենքի այդ դրույթին:
Բաբկեն Թունյանը նաև հայտնեց, որ օրենքի փոփոխությամբ վերացվել է Երևանում հիպոթեկային վարկերի եկամտային հարկի հետ վերադարձնելու դրույթը և այդ իրավունքը մնացել են միայն մարզերում բնակարան ձեռք բերելու դեպքերին, որտեղ շատ են հիպոթեկով բնակելի տներ ձեռք բերելու դեպքերը:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց օրենքի նախագիծն ընդգրկել ԱԺ նիստի օրակարգ: