Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը նոր նախագահ ունի
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը՝ նորընտիր նախագահ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գլխավորությամբ, ս.թ. փետրվարի 25-ին անցկացրեց հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Բարդուխ Գաբրիելյանն այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին:
«Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Արտաշես Միրզոյանը:
Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին՝
- Սևանա լճի էկոլոգիական խնդիրների գիտական մոտեցումները: 2022 թ-ին կայանալիք կլոր սեղանի կազմակերչպական աշխատանքների քննարկում;
- EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ պարբերական թարմացումներ, համագործակցության խթանում;
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների քննարկում;
- քաղաքացի Ռուբեն Մովսիսյանի կողմից նախատեսվող «Սևան» ազգային պարկի տարածքում, Ծովազարդ գյուղի լճափնյա 12/3 հասցեում մեկ հարկանի 6 շարժական քոթեջների էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկում:
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը Ռուբեն Հարությունյանը նշել է Հայաստանում ջրերի կենսաբանական մոնիթորինգի անցկացման անհրաժեշտության մասին:
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը համաձայնել է այդ տեսակետի հետ. «Հայաստանում կենսաբանական մոնիթորինգ իրականացվում է միայն Սևանա լճում՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից, որն ունի 100 տարվա տվյալներ: Մնացած վայրերում իրականացվում է միայն ֆիզիկաքիմիական մոնիթորինգ, բայց օրգանիզմների մոնիթորինգ չի արվում»:
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանը բարձրացրել է տվյալների շտեմարանի ստեղծման հարցը:
«Մեր ինստիտուտը կապահովի հարթակ, որտեղ կարելի է իրականացնել Սևանա լճի վերաբերյալ տվյալների պահպանումն ու մշակումը», - ասաց նա:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրել է «EU4Sevan» ծրագրի բաղադրիչները և 2021 թ-ին իրականացված աշխատանքները:
Սևանա լճին առնչվող նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հարցերը որոշվել է քննարկել ավելի մանրամասնորեն, որից հետո հանձնաժողովը կներկայացնի իր առաջարկություններն ու եզրակացությունները»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում