Իշխան Սաղաթելյան. Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է
«Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն»,-Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գեագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ:
«Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով, չպետք է հաշտվել պարտության հետ, պետք է ձևավորել դիմադրություն՝ դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն՝ հայրենիքը պարտությունների և զիջումների տանող օրակարգերին։ Ի.Սաղաթելյանը նշեց, որ պետք է վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն ունենալու հոգեբանությունը, ունենալ ազգային երազանք ու գնալ դրա հետևից։
Նրա խոսքով, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով. «Իսկ այս ամենի մեղավոր և պատասխանատու իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները, այլ իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»:
«Օրվա իշխանությունն անտեսելով Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, 44-օրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը, թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը, քաղաքական և տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները՝ փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ և ցնորամիտ լոզունգների անվան տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների»,- նշեց նա՝ ընդգծելով, որ մեկ անգամ ևս զգուշացնում են՝ Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է, Հայաստանի ինքիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են, Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։
«Հետևաբար, հայ֊թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ քաղաքական գործչի խոսքով, իրենց համար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է, թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը. «Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջլատել և պառակտել մեր միասնությունը, դատապարտված են։
Հայաստանն ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան