Արթուր Վանեցյան. Ժողովրդավարական ինստիտուտները ՀՀ-ում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Անդրադառնալով այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը: Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:
«Արդյոք նպատակահարմա՞ր է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, և ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքվել է դեսպանը:
Նա կարևորել է այդ հարցում խմբակցության կարծիքն ու օժանդակությունը:
Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին, որպեսզի նրա աշխատակազմի գործունեությունը լինի մասնագիտական բարձր մակարդակի վրա և անաչառ»:
Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարևոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում, որը կարող է նպաստել երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը:
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձևավորված լինելու հանգամանքին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտումներին: Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան