Քննության ընթացքը հաստատեց՝ դատավոր Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման. Սահակյան
«Դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանը, դրա ընթացքում փաստաթղթերի հետազոտությունը, տրված հարցերի պատասխանները և ներկայացված դիրքորոշումները միանշանակ և անվերապահ հաստատեցին, որ դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման»,- միջնորդության քննությանն ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ դրա համար առկա են ավելի քան բավարար փաստական և իրավական հիմքեր. «Նախ բացակայել է կարգապահական վարույթ հարուցելու առիթը, քանի որ Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասում նշված աղբյուրներից ոչ մեկից ենթադրյալ կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդում չի ստացվել, ավելին՝ կարգապահական վարույթի հարուցմանը նախորդող ողջ գործընթացը եղել է ոչ իրավաչափ և խտրական»։
Նրա խոսքով, արդարադատության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ սույն կարգապահական վարույթը նախաձեռնվել է վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման կապակցությամբ։ Մինչդեռ, ըստ Ս.Սահակյանի, օրենքը չի նախատեսում վարույթ հարուցող մարմնի կողմից դատավորների գործունեության առնչությամբ ուսումնասիրություն պատվիրելու և դրա հիման վրա վարույթ հարուցելու հնարավորություն։
«Ավելին, նախարարությունը չի ունեցել զեկուցագրում նշված ուսումնասիրությունն իրականացնելու գործառույթ, իսկ այսպես կոչված ուսումնասիրության հիման վրա զեկուցագիր կազմած աշխատակցի անձնագրում բացակայել է ուսումնասիրություն իրակաացնելու լիազորությունը»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, միջնորդության և քննության արդյունքում լիովին և աներկբա հիմնավորվել է, որ դատավորին վերագրվող արարքում իսկապառ բացակայում են նրան պատասխանատվության ենթարկելու հիմքը, ինչը Դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն ԲԴԽ կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու անվերապահ հիմք է։
«Ուստի գտնում ենք, որ այս վարույթով խորհրդի կողմից կայացվելիք օրինական և արդար միակ որոշումը պետք է լինի հենց մերժումը»,- ասաց Ս. Սահակյանը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։
Հարակից հրապարակումներ`
- Ղամբարյան. Ռշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ
- Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
- Քիչ էր մնում ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել. Ռշտունի
- Ականատես չեմ եղել դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով գործերը հանձնելու համար կարգապահական վարույթ հարուցվի. դատավոր Ռշտունի
- Վազգեն Ռշտունի. Ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ ԱՆ-ն իր նախաձեռնությամբ ուսումնասիրի դատավորի գործերն ու վարույթ հարուցի