Այս կեցվածքը՝ բլոկել, չթողնել նախագիծը քննարկման առարկա դառնա ԱԺ-ում, անհասկանալի է. Արծվիկ Մինասյան
«Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրականչյուր տարի, քանի որ վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7% գնաճ ենք ունենում, թանկանում են պարենը և այլ ապրանքները, սակայն կենսաթոշակները չեն ավելանում»,-ԱԺ այսօրվա նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Պատգամավորը նկատելով, որ նախագծի նպատակը տարեց բնակչության, թոշակառուների և նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է՝ պատգամավորը տեղեկացրեց, որ վերջին անգամ կատարված 2.600 դրամ թոշակի բարձրացումը վերաբերել է 480 հազար թոշակառուներից միայն 21600 մարդու:
Բանախոսը նկատեց, որ այսօր գնողունակությունը նվազում է ամենաանապահով շերտերի համար:
«Միայն պարենային ապրանքների արժեքը մեկ մարդու համար 37800 դրամ է, իսկ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 71 հազար դրամ է, բայց միջին աշխատանքային կենսաթոշակը 44 հազար դրամ է»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Շեշտելով, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունը թույլ չպետք է տա մարդկանց սոցիալական վիճակի վատթարացում՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ինդեքսավորումը կլուծի այդ հարցը և հիշեցրեց, որ գործող կառավարության 2022-26թթ. զարգացման ծրագրում գրված է, որ կենսաթոշակի, նպաստի չափերի և սպառողական գների ինդեքսի ցուցանիշների միջև փոխկապակցվածությունը ապահովվելու է:
Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունը նախագծին բացասական կարծիք է տվել՝ իր որոշումը հիմնավորելով տնտեսական հնարավորություններ չունենալով և ոլորտի կայունության խաթարման ռիսկով:
«Կառավարությունն ասում է՝ խոստացել ենք բայց չենք անի»,-խոսքն ավարտեց Վարդանյանը և հույս հայտնեց, որ ԱԺ-ն գոնե նախագիծը կընդգրկի օրակարգ, չնայած ՔՊ-ական պատգամավորները հանձնաժողովում դեմ են քվեարկել նախագծին:
Հարակից զեկուցող՝ ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը խորհրդարանական մեծամասնության բացասական դիրքորոշումները հիմնավորեց նրանով, որ նախագիծը իրավական որոշակիության առումով հստակ չէ:
Վերջինս ներակայցրեց նաև մեկ այլ բացասական եզրակացություն, որը վերաբերում էր «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխություն կատարելու մեկ այլ նախագծին:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ «Պետական կեսնաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածով կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ կամ ազգային օպերատորին և հայտարարություն ստորագրել ՀՀ-ում գտնվելու մասին։
«Հայտարարությունը չստորագրելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է։ Այսինքն՝ ամեն տարի մեր 480 հազար գումարած նսպաստառուները մեկ անգամ պարտավոր են գնալ բանկ ու հաստատել, որ Հայաստանում են։ Բնականաբար այս դրույթի կիրառումը ծանրաբեռնվածություն է առաջացնում քաղքացիների համար»,-ասաց Աղվան Վարդանյանը և առաջարկեց սահմանել, որ հայտարարությունը չներկայացնելու դեպքում կենսաթոշակ վճարելը չի դադարեցվում:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նկատելով որ նախագծերը մերժելիս գլխադասային հանձնաժողովը բովանդակային առաջարկներ է անում, շեշտեց, որ առավել կառուցողական կլինի, որ խորհրդարանական մեծամասնությունն նախագիծն ընդգրկի օրակարգ և կառուցողական քննարկում կազմակերպվի:
«Այս կեցվածքը՝ բլոկել, չթողնել նախագիծը քննարկման առարկա դառնա ԱԺ-ում, անհասկանալի է և կոչ եմ անում վերադառնալ քննարկման տիրույթ»,-հայտարարեց Արծվի Մինասյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ իշխող խմբակցությունը թույլ չի տալիս ընդդիմության օրենքների նախագծերն ընդգրկվեն օրակարգում, իսկ վաղը կհայտարարեն որ վերջիններս քիչ նախագծեր են բերել, իսկ իշխանական խմբակցությւոնը շատ:
ԱԺ ՔՊ-ական մեծամասնությոնը դեմ քվեարկեց Աղվան Վարդանյանի՝ սոցիալական վիճակը բարելավելու երեք օրենքի նախագծին և ևս մեկին, որը վերաբերում էր մեկ անձից պետական գնումները սահմանափակելուն
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին