Բնակչության կեսը ձեր իշխանության օրոք ավելի քիչ եկամուտ է ստանում. Թադևոս Ավետիսյան
«Երկրում սոցիալ-տնտեսական ավելացող խնդիրներին կառավարության առաջարկած լուծումների տակ կրկին խնդիրներ են»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և հավելեց. «Այն, ինչը կատարվում է կառավարությունում, ԱԺ-ում, մարդկանց դարդին դարման չէ»:
Նկատելով, որ գազը, էլեկտրաեներգիան և ջուրը թանկացել են, աշխարհաքաղաքական իրավիճակն էլ նոր վատ սցենարներ է նախատեսում հանրապետության համար՝ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանական մեծամասնությանը հարց տվեց, թե ժողովուրդը պետք է սպասի մինչև 2026 թվակա՞նը, որպեսզի իշխանություններն իրենց խոստումները կատարեն:
«Փորձը ցույց է տալիս, որ ձեր ձևավորած կառավարությունները 4-5 տարվա չեն, հազիվ 1-2 տարի են դիմանում, հիմա հասարակաթյունը մեղավո՞ր է, որ կառավարությունը բերել հասցրել է մակրոտնտեսական այնպիսի վիճակ, որ ասում եք, թե 2022թ-ին մի քիչ էլ կայունանանք, նոր անդրադառնանք սոցիալ-տնտեսական խնդիրներին»,- ասաց Ավետիսյանը:
Նկատելով, որ կառավարությունն անընդհատ մերժում է թոշակները և նպաստները բարձրացնելու ընդդիմության առաջարկը, բանախոսն ասաց, որ ահագնացող գնաճը և նվազագույն զամբյուղի գնի ավելացումը բերելու է արտագաղթի, աղքատության ավելացման:
«Ամենակարևորը՝ նախորդ տարվա տվյալներով արդեն երկրի բնակչության ուղիղ կեսը, նաև ձեր իշխանության օրոք, ավելի քիչ եկամուտ է ստանում, քան նվազագույն սպառողական զամբյուղը և կիսասոված քնում է: Հիմա նայեք ի՞նչ եք խոստացել և ո՞ւր եք բերել հասցրել մեր երկիրը»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին