Ռուս-ուկրաինական պատերազմն ինչ հետևանքներն կունենա Հայաստանի տնտեսության վրա
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի դեմ Արևմուտքը պատժամիջոցների փաթեթներ է ընդունել։ Այդ պատժամիջոցները որոշակի առումով կարող են ազդել նաև հայկական տնտեսության վրա, քանի որ ՌԴ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում ՀՀ արտահանման զգալի բաժինը, ուստի մեր երկիրն այդ զարգացումներից անմասն չի կարող մնալ։
Պատերազմն արդեն իսկ սկսել է իր բացասական հետևանքներն ունենալ տնտեսության վրա։ Առաջին հերթին ռուբլին արագ տեմպերով արժեզրկվում է դոլարի ու եվրոյի նկատմամբ: Իսկ ռուբլու արժեզրկումը խնդիրներ է ստեղծելու հայկական ապրանքների արտահանման համար։
Տնտեսագետները կանխատեսում են, որ պատժամիջոցների հետևանքով կորուստները կլինեն ինչպես տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածում։ Մասնավորապես, ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալները կտրուկ կնվազեն, իսկ ռուսական շուկայի վճարունակության անկումը կարող է Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալները կրճատել։
«Ռուսական ռուբլու արժեզրկումը նշանակում է, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունն էապես կնվազի, այսինքն՝ նույն գումարով ռուսաստանցիները գրեթե երկու կամ մեկ ու կես անգամ ավելի քիչ ապրանքներ են կարողանալու գնել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Բնականաբար, ըստ նրա, Հայաստանից արտահանվող ապրանքների մասով կունենանք ծավալների կրճատում դեպի ռուսական շուկա, ռուբլու արժեզրկման հետևանքով ռուսական շուկայում հայկական արտադրանքը կդառնա ոչ մրցունակ։
«Հայկական դրամը և ռուսական ռուբլու, և ուկրաինական գրիվնայի նկատմամբ արժևորվել է, ինչը նշանակում է, որ արտահանվող մթերքների գները թանկացել են, և այդ շուկաներում Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկը կնվազի։ Բնականաբար, չենք կարող նույն տեմպերով արտահանել։ Դրա համար Հայաստանը պետք է փորձի թե արտահանման, թե ներմուծման համար նոր շուկաներ գտնել։ Որքան մենք դիվերսիֆիկացնենք ներմուծման և արտահանման աղբյուրները, այդքան մեր տնտեսությունը ճկուն և մրցունակ կլինի»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետի խոսքով՝ ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով հնարավոր է տրանսֆերտները կրճատվեն, իսկ դա նշանակում է, որ տրանսֆերտներով ապրող մարդկանց եկամուտները կնվազեն։
«Մասնավոր փոխանցումների կրճատումը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազման։ Սա ևս բացասական ազդեցություն կունենա, քանի որ ՀՀ բնակչության 10-12 տոկոսը գոյատևում է տրանսֆերտների հաշվին։ Այստեղ մենք կունենանք աղքատության մակարդակի որոշակի բարձրացում, ինչը նաև կկրճատի Հայաստանում սպառման ծավալները»,- ընդգծեց նա։
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականաչափ մեծ է։ Իսկ նման իրավիճակում, ըստ նրա, ներդրումները ևս կնվազեն, քանի որ նման պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը նույն տեմպերով չի կարող իրականացնել ներդրումային ծրագրեր մեր երկրում։
Բանկային համակարգում ևս ռուսական կապիտալն ունի մեծ տեսակարար կշիռ, ուստի, տնտեսագետի գնահատմամբ, այստեղ ևս կարող են խնդիրներ առաջանալ։ «Իսկ եթե պատժամիջոցները երկար շարունակվեն, ապա խնդիրները կարող են ավելանալ, բայց հույս ունենանք, որ ելքեր կգտնեն։ Իհարկե ՌԴ այն երկիրը չէ, որ պատժամիջոցները միակողմանի ազդեն։ Արևմուտքը նույնպես վնասներ է կրում, և ամերիկյան, և եվրոպական բազմաթիվ երկրների ընկերություններ բավական հաջող բիզնես են ծավալում ռուսական շուկայում։ Այսինքն՝ կորուստները միակողմանի չեն։
Կարծում եմ, որ հանգուցալուծում կգտնեն»,- ընդգծեց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ Հայաստանը կարող է նաև օգտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների։ Օրինակ, այս իրավիճակում Ռուաստանից և Ուկրաինայից ապրանքները կարող են ներմուծվել ավելի նպաստավոր գներով։ Ըստ նրա՝ ներմուծողները ճիշտ կանեն հետագայի համար լրացուցիչ խմբաքանակներով ապրանքներ գնել։
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 629 մլն 638.8 հազար դոլար, ինչը 2020թ-ի համեմատ 20.9%-ով ավելի է։
Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները 2020 թվականի համեմատ աճել են 24.53%-ով և կազմել 847.25 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 28%-ը։ Մեր երկրից ՌԴ են արտահանում ամենատարբեր ապրանքներ՝ սննդից մինչև տնտեսական ապրանքներ, հագուստ, կոնյակ, գինի, հանքային ջուր և այլն։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, 2021 թվականին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 782 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա համեմատ աճելով 19.2%-ով։ Հայաստանի ներմուծման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել 33.3%:
Ռուսաստանից մեր երկիր են ներմուծվում արտադրական ապրանքներ և գյուղատնտեսական հումք, մարգարիտ, թանկարժեք քարեր, մետաղներ, տեքստիլ, կոշկեղեն, տրանսպորտային միջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին վաճառվում է ռեկորդային ցածր գնով՝ 2.50-3.20 դրամով
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Վերջին 8 տարիներին Ռուսաստանից տրասֆերտների զուտ ներհոսքը1.5 մլրդ դոլարից հասել է 464 մլն դոլարի. Վիլեն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան