Կարեն Վրթանեսյան. Չստեղծվեցին սուվերեն քաղհասարակություն, մեդիա, կրթական համակարգ
«Հայաստանի այս իշխանութունները որևէ կերպ չեն ներկայացնում պետական շահը, հայ ազգային շահը։ Նրանք ներկայացնում են մի կողմից մեկ անձի շահը, մյուս կողմից՝ հակաՀայաստանի շահը»,-նման համոզմունք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ելույթ ունենալով Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» պանելային քննարկմանը։
Նրա խոսքով, հիմա աշխարհում լուրջ ու գլոբալ փոփոխություններ են, որոնք դեռ 2000-ականների սկսզբին պետք է գնահատեինք ու հասկանայինք, թե ինչ հետևանքներ կունենան։
«Իմ համոզմամբ, ցավոք դա չի արվել։ Ապրել, աշխատել ու ապագան պլանավորել ենք այն իներցիայով, որ «շարժում դեպի Արևմուտք, դեպի Եվրոպա» անվիճելի իրականություն է, որի ընթացքում մեր անվտանգությունն ապահովելու էր Ռուսաստանը։
«Ի՞նչ ունենք մենք հիմա։ Ունենք ոչ միայն լրջագույն սպառնալիքներ պետության, պետականության, այլև ֆիզիկական գոյության համար։ 44-օրյա պատերազմից հետո մենք գոյաբանական խնդիր ունենք։ Մյուս կողմից նաև ունենք ռազմավարական անորոշություն»,-ասաց փորձագետը։
Նրա կարծիքով, անորոշությունը գեներացվում է նաև իշխանության կողմից, որպեսզի մարդիկ այդպես պասիվ մնան, չփորձեն մոբիլիզացվել, չփորձեն հավակնություններ ունենալ, պահանջներ առաջ քաշել։
«Տեսեք, մենք խոսում ենք արտագաղթի մասին, դա էլ է հատուկ հրահրվող գործընթաց։ Ինչքան շատ մարդ դուրս գա Հայաստանից, այնքան հեշտ կլինի, պայմանական ասած, հակաՀայաստանին վաղը ցույց տալ, ստիպել, որ հայ ազգը պետականությունից հրաժարվի»,-ասաց Վրթանեսյանը։
Նա խոսեց ընդդիմության և այն ուժերի սխալների մասին, որոնք գիտակցում են՝ պետականությունը վտանգված է, բայց քայլեր չեն ձեռնարկվում։
«Ես հավատում եմ, հուսով եմ, որ ընդդիմությունն է ներկայացնում ազգային ուժերը Հայաստանում։ Իմ կարծիքով, այս ռազմավարական անորոշության պայմաններում ընդդիմության պարտականությունն էր ազգային շահերի շուրջ հանրությանը մոբիլիզացնելը։ Ազգային վերնախավն է, որ անորոշության պայմաններում որոշումներ կայացնելու փորձ ունի։ Հենց այդ պատճառով է, որ Հայաստանի ու թշնամի երկրների իշխանությունները, նույն Իլհամ Ալիևը փորձում են ամեն կերպ վարկաբեկել ազգային էլիտան»,-ասաց նա։
Վրթանեսյանը հենց այս հանգամանքով է պայմանավորում այն, որ ցեղասպանություններից առաջ առաջին հերթին սպանում են մտավորականներին, էլիտային, այն մարդկանց, որոնք անորոշության պայմաններում կարող են մարդկանց մոբիլիզացնել, պայքարի հանել, դիմադրել։
«Անցած տարիների ընթացքում չստեղծվեց սուվերեն ինստիտուտ, օրինակ սուվերեն քաղհասարակություն։ Մեր քաղհասարակությունը, ըստ էության, արտաքին ուժերի համար ճտիկով միացվող-անջատվող ռեսուրս է, մենք սուվերեն քաղհասարակություն չունենք։ Ցավոք, մենք չունենք նաև սուվերեն կրթական համակարգ, որը սպասարկի հայ ազգի ու հայկական պետականության շահերը, ոչ թե Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի կամ բիզնես շահեր։ Մենք չունեցանք սուվերեն փորձագիտական հանրույթ, մեդիա»,-ասաց բանախոսը՝ ընդգծելով դրանց կարևորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Համաշխարհային հետաքննող լրագրողներ են դիմել ինձ
- Աննա Գրիգորյան. Պատերազմից հետո միայն Կապանից հեռացել է ավելի քան 1000 մարդ
- Ստեղծված իրավիճակում լուծումը «0-ից՝ պետություն» գաղափարը պետք է լինի. Վահե Հովհաննիսյան
- Դավիթ Հարությունյան. Հասարակության պայքարող, տեսլական ունեցող 2 տոկոսը հաղթելու է
- Արմեն Գևորգյան. Հայկական օրակարգն ինձ համար ունի երեք հարթություն
- Արթուր Վանեցյան. Հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև սփյուռքը