Արթուր Վանեցյան. Հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև սփյուռքը
«Հայաստանի հանրությունը դարձել է անտարբեր դիտորդ, ու դրա վառ վկայությունն արտագաղթի մեծ ծավալն է։ Մարդիկ չեն ուզում մնալ Հայաստանում ու պայքարել, խնդիրներ լուծել»,-նման համոզմունք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա «Կոնգրես հյուրանոցում ընթացող «Հայկական օրակարգ» պանելային քննարկման բանախոսներից է։ Քննարկումը կազմակերպել է Այլընտրանքային նախագծեր խումբը։
Վանեցյանը ցավով նշեց, 2021-ի վիճակագրական տվյալները փաստում են, որ ունեցել ենք ահռելի թվով արտագաղթած անձինք, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ու նրա ապագայի համար։
«Մինչ հայկական օրակարագի վերաբերյալ իմ բանաձևի ներկայացումը, ուզում եմ անդրադառնալ այն ռիսկերին, որոնք խանգարում են մեզ ձևավորել հայկական երազանքը։ Ստիպված եմ նորից ու նորից խոսել անվտանգային ռիսկերի մասին։ Չեմ կարող չնշել, այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի ավարտվի պարտությունների շղթան, որ մեզ հետապնդում է, որից հետո կարողանանք ձևակերպել մեր օրակարգը»,-ասաց նա։
Թվարկելով անվտանգության խնդիրները՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, Արցախի հարցը կարգավորված չէ, թշնամու զինված ուժերն անցած տարվա մայիսից Հայաստանի սուվերեն տարածքում են, սահմանները հստակեցված չեն, դաշնակիցները հետ հարաբերություններն անհասկանալի են, խնդիրներ կան միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։
«Այս բոլոր խնդիրները լուծում են պահանջում, դրանք պետք է դիտարկել նաև գլոբալ անվտանգային համատեքստում, ինչն այսօր չի արվում։ Այս իշխանությունների գործողությունների կամ անգործության հետևանքով մենք կորցրել ենք միջազգային հանրության աջակցությունը, բացառությամբ Ֆրանսիայի ու Ռուսաստանի այլ երկիր պատերազմի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ»,-նշեց նա։
Ընդդիմադիր գործիչի խոսքով, նախ երկրում պետք է ձևավորվի պրոֆեսիոնալների իշխանություն՝ օրակարգում չունենալով «նախկիների ու ներկաների» կեղծ պնդումը։
«Ես համաձայն եմ նախորդ բանախոսի հետ, որ իրականում մեծ երկխոսություն է պետք։ Դա պետք է ձևակերպել այսպես, հասարակության հետ պետք է մեծ երկխոսության մեջ մտնել, անկախ քաղաքական հայացքներիվ՝ պետք է առողջ ուժերը միմյանց հետ երկխոսության արդյունքում հասնեն հանդարտ իրավիճակի, այդ դեպքում կունենանք նորմալ հասարակություն, որը կկարողանա ձևակերպել այն օրակարգը, որը մեզ պետք է»,-ասաց նա։
Օրենսդիր մարմնի ներկայացուցչի համոզմամբ, հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև սփյուռքը, որի ներկայացուցիչները լուրջ ու հաջողությունների հասած մասնագետներ ու մարդիկ են, կարող են առկա խնդիրներին հայանպաստ լուծումներ առաջարկել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան