Դավիթ Հարությունյան. Հասարակության պայքարող, տեսլական ունեցող 2 տոկոսը հաղթելու է
«Հավանաբար մենք ամեն ինչ պետք է սկսենք զրոյից, բայց դա ունի նաև իր հետաքրքիր կողմը»,-նման համոզմունք հայտնեց արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը, որը որպես բանախոս մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» պանելային քննարկմանը։
Հարությունյանի ներկայացմամբ, մենք պետք է որակապես նոր խնդիր դնենք մեր ազգի ու պետության առաջ, և շատ իրատեսական է, որ դրան կարող ենք հասնել, այլ երկրների պատմությունը դրա մասին է խոսում։
«Այո, շատ ամբիցիոզ, դժվար իրագործելի, բայց իրագործելի նպատակ։ Ամեն ինչ կախված է մեզանից. կկարողանա՞նք այդ խնդիրը դնել, կկարողանա՞նք վարակել բոլորին, որ մենք իրականում կարող ենք հասնել դրան։ Եթե կարողանանք, ուրեմն կհաջողենք, եթե ոչ՝ ուրեմն մեր պետականությունը կդառնա ընդամենը պատմության մի մաս»,-ասաց հիմնադրամի տնօրենը։
Հարությունյանի համոզմամբ, նման նպատակ ձևակերպելու ու իրագործելու համար պետք է առաջին հերթին ձևավորել ակտիվ հասարակություն, իսկ դրանում պետք է ակտիվ դերակատարում ունենան կուսակցությունները։
«Սակայն կուսակցություններն ունեն մի կարևոր թերություն։ Բացի այն, որ կուսակցությունների նկատմամբ ձևավորված է նեգատիվ վերաբերմունք, կարևոր չէ այն հիմնավո՞ր է, օբյեկտի՞վ է, թե՞ ոչ, այլև այն, որ այդ կուսակցությունները երկիրը միգուցե կառուցելու են ոչ այդքան նորովի։ Նրանք ունեն նախկին, այո, դրական փորձ, ու հնարավոր է փորձեն գնալ նույն ճանապարհով, մինչդեռ պետք է գնալ նոր ճանապարհով։ Ո՞րն է այդ ճանապարհը։ Պատրաստի պատասխան ոչ ոք չունի։ Այդ պատասխանը ծնվելու է հենց հասարակության մեջ, հասարակությունն է, որ պետք է ցույց տա այդ նոր ուղին»,-ասաց նա։
Դավիթ Հարությունյանի խոսքով, եթե ստացվի ձևավորել այսօրվա իրողություններին չհարմարվող, երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր հասարակություն, ապա մնացած պրոցեսը ստացվելու է ինքնուրույն։
«Մենք ունենք բազմաթիվ հետաքրքիր մասնագետներ։ Պետք է գնալ, տեղերում երիտասարդների հետ աշխատել, եթե 200 փորձագետներից ամեն մեկը ամիսը մեկ հանդիպում կազմակերպի, դա արդեն կլինի 2400 հանդիպում։ Իսկ հասարակությունը փոխելու և իմ ասած ամբիցիոզ ծրագրերը կյանքի կոչելու համար, անհրաժեշտ է հասարակության ընդամենը 2 տոկոսի ակտիվություն ընդամենը։ Հասարակության պայքարող, տեսլական ունեցող երկու տոկոսը հաղթելու է և շարժվելու է առաջ»,-ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Հայկական օրակարգն ինձ համար ունի երեք հարթություն
- Արթուր Վանեցյան. Հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև սփյուռքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան