Է.Աղաջանյանը հաստատեց` դեմ են քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն
«Հայաստանն իր դիրքորոշումը վարչապետի մակարդակով հայտնել է։ Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Մենք մեր մաշկի վրա զգալով պատերազմի հետևանքները` կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը»,- ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մասին։
Նրա խոսքով, պատերազմները շատ ցավալի հետևանքներ են ունենում, և ՀՀ-ն, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցության ճանապարհով հարցերը լուծելու կողմնակից։
Աղաջանյանի գնահատմամբ, այս գործընթացը մտահոգիչ է, և ՀՀ-ն, լինելով միջազգային հանրության անդամ, մտահոգված է այս տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։
«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին, և Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման արդյունքում։ Բնականաբար, ամենացանկալի զարգացումը կլինի օր և ժամ առաջ ռազմական գործողությունների դադարեցումը և անցումը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը։ Բայց սրանք հարցեր են, որոնք Հայաստանի վերահսկողության տիրույթից դուրս են։ Միակ բանը, որ մեզ մնում է այս պահին՝ մեր տարածաշրջանում լավագույնս գնահատել ռիսկերն ու ըստ այդմ շարժվել առաջ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նաև հաստատեց, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։
«Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ որպեսզի դիվանագիտական ճանապարհով դա տեղի ունենա, դիվանագիտական խողովակները, բնականաբար, պետք է առկա լինեն։ Որքան այդ դիվանագիտական ճանապարհները, խողովակները կտրվեն, անջատվեն, դիվանագիտական ճանապարհով հարցի հանգուցալուծման հավականականությունը ևս պակասում է։ Հենց այս համատեքստում Հայաստանը դեմ է քվեարկել»,- ասաց Է.Աղաջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքների արգելափակման մասին
- Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը
- Էրդողան. «Ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ՝ Ռուսաստանից»
- Էրդողանն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
- Մոսկվա-Անկարա հարաբերությունները՝ Ուկրաինայում պատերազմի պայմաններում
- Խնդիրն այն է, թե Ուկրաինայում ինչպես էին վերաբերում Արցախում ստեղծված իրավիճակին. Թևան Պողոսյան
- Ռուս-ուկրաինական պատերազմն ինչ հետևանքներն կունենա Հայաստանի տնտեսության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան