Ստեղծված իրավիճակում լուծումը «0-ից՝ պետություն» գաղափարը պետք է լինի. Վահե Հովհաննիսյան
«Հնչում է մի հարց՝ ինչո՞ւ չի ստացվում, բայց այդ հարցին պատասխանելուց առաջ պետք է պատասխանել հարցին, թե ի՞նչը չի ստացվում»,- «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ հայտնեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այսօր չի հաջողվում գտնել հայկական իրականությունում խոշոր փլուզումներից հետոյի իրականության բովանդակությունը:
Ըստ Հովհաննիսյանի՝ փլուզումները շատ խոշոր են եղել՝ տարածքի, բնակչության, անվտանգային համակարգի, ռիսկերի, ժողովրդի երազանքի, տեսլականի առումներով:
Նկատելով, որ քաղաքական թևը նման փոփոխությունների ծավալի մեջ փորձում է մնալ հինը՝ բանախոսը կենսական անհրաժեշտություն համարեց նոր քաղաքական հոսանքների ձևավորումը, որպեսզի ստեղծվի նոր քաղաքական միտք, և այն հնարավոր չէ փողոցում անել:
«Հայկական օրակարգը՝ հետպատերազմյան Հայաստանի վերելքի բանաձևն է, դրա ճանապարհային քարտեզը»,- հայտարարեց Վահե Հովհաննիսյանը և պնդելով, որ իշխանությունն այդ նոր օրակարգը չի անի, քանի որ այնտեղ ինքը տեղ չունի և այն իր բնական աղետն է լինելու, հավելեց. «Ընդդիմությունն, ունենալով ռեսուրս, այդ օրակարգը չի անում, քանի որ այն ձևաչափերը, որոնցում նա գտնվում է, ապաֆունկցիոնալ են, այն միջավայրում չեն, որ ծնեն նոր բովանդակություն»:
Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակի լուծումն այն է, որ հների ռեֆորմացիայի պարագայում ստեղծվի նոր քաղաքական հոսանքներ, որոնց առանցքային սկզբունքը «0-ից՝ պետություն» գաղափարը պետք է լինի, քանի որ փլուզման այն մակարդակին ենք հասել, որ շատ բաներ պետք է 0-ից կառուցել:
Ըստ Հովհաննիսյանի՝ պետք է 0-ից կառուցել ներքին և արտաքին հարաբերությունները, տնտեսական, անվտանգային համակարգերը, հայկական աշխարհի տեսլականը և քաղաքացուն:
«Այն իրականացնելու հիմնական ռեսուսը հաջողության հիշողությունն է, երբ արձանագրվի, որ մեզ մի անգամ հաջողվել է կայացնել հաջողություն և հաղթանակ՝ բոլոր հիմնահարցերով և սխալներով հանդերձ»,- ասաց բանախոսը և հավաստիացրեց, որ Հայաստանում կա 200 հազար մարդ, որը կարող է խնդիր դնել և նոր պետություն կայացնել:
Քաղաքագետը համոզված է, որ նոր օրակարգում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, Արցախի հայաթափման կասեցման, Սյունիքի թեմայի փակման, հայկական աշխարհի փլուզման կանխման կետերը պետք է լինեն՝ հիշատակելով նաև Սփյուռքում պետականակենտրոնության փլուզման խնդիրը:
Արժանապատվության և սառը պրագմատիզմի վերականգնումը վերջինս համարեց ամենակարևորը և հայտարարեց, որ այդ գործընթացը չի լինի առանց խոչընդոտների, որոնցից առաջինը բաժանումն է և հավաստիացրեց, որ հայ ժողովրդի բաժանման համար արդեն նոր բանաձևեր կան և դրանք հաղթահարելու համար պետք է միջընտրազանգվածային երկխոսութուն լինի:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Հայկական օրակարգն ինձ համար ունի երեք հարթություն
- Արթուր Վանեցյան. Հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև սփյուռքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան