Պատերազմի ժամանակ «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններից հրամանատարը ինքնակամ լքել է դիրքը
ՊԲ N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն, հանդիսանալով նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով այս ամենը հիմնավորվել է։
Մասնավորապես, նա չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաև ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Ի.Վ.-ն, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
21.02.2022 թվականին Ի.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 25.02.2022 թվականին ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 28.02.2022 թվականին որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և նույն օրը քրեական գործն ուղարկվել է Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի կողմից անգործություն ցուցաբերելու գործն ուղարկվել է դատարան
- Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին
- Նոյեմբերի 16-ին մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը