ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
«2018 թվականի թավշյա հեղափոխությունն անհրաժեշտ էր մեր երկրին, Հայաստանի քաղաքացիներիս, բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների և դրանք 2018 թվականի ապրիլին իրականություն դարձան»,- ԱԺ-ում ասաց Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
Նա ընդգծեց, որ սա հերթական փորձությունն էր պետության, քաղաքացիների համար։
«Վերջնական նպատակների հասնելու ճանապարհը դժվար էր լինելու, ժամանակ պահանջող։ Այսինքն մենք պետք է կարողանայիք ուժ գտնել մեր մեջ լինելու համբերատար և հույսով։ Հույսն ու հավատը, սերն ու համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականն են»,- ասաց Վ.Խաչատուրյանը։
Նրա խոսքով, այսօր էլ հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում, երբ քովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, տնտեսական, սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռևս չեն սպիացել, չեն վերացել նոր բախումների ու պատերազմների հնարավորությունը, երբ Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որպեսզի իրար հետ միաբան աշխատեն և մկրտվի մեր նոր Հայաստանը։
Նախագահի թեկնածուն ասաց, որ կան մի քանի հիմնախնդիրներ, որոնք մինչ օրս լուծված չեն և խանգարում են երկրի զարգացմանը՝ տարածաշրջանային համագործակցության սահմանափակումներ և դրա ընդլայնման անհրաժեշտություն, իրականության հետ առնչվող համարձակություն և պատրաստակամություն, իրական իրավիճակները գնահատելու ունակություն, սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառություն և պատասխանատվություն, ապագային միտված ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով և նշանակությամբ պետք է լինեն ոչ միայն պետական, նաև համազգային։
«Վերը թվարկած հիմնախնդիրները կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ միասին մենք կարող ենք բարգավաճել ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում։ Միասնությունը ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է»,- ասաց Վահագն Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլընտրանք չունեն, միասնությունն ու միասնականությունը կարող են դրա գրավականը լինել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան