ԳԱԿ-ում կբացվի «Լեո Լեո Վարդանյան․ հետքեր» ցուցադրությունը
Մարտի 4-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Լեո Լեո Վարդանյան․ հետքեր» ցուցադրությունը՝ ներկայացնելով արվեստագետի վերջին շրջանի կարևոր շարքերից մեկը։ Այս մասին հայտնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից։
Լեո Լեո Վարդանյանը աբստրակցիոնիստ նկարիչ է, ով աշխատում է տարբեր տեխնիկաներով, երբեմն նաև իր ստեղծագործություններում օգտագործելով մուլտիմեդիա գործիքակազմ։ Հատկապես վերջին տարիների իր շարքերում նա ուսումնասիրում է տարբեր ֆիզիկական հարթությունների հարաբերությունները, տարբեր շերտերի գրավիտացիաներն ու վիբրացիաները (ինչպես ինքը՝ նկարիչն է դրանք անվանում)։
««Հետքեր»-ում արվեստագետը կարծես այդ մակերեսների հետ հարաբերությունը տեղափոխում է մեկ այլ հարթություն, որտեղ պատկերի ստեղծումն առավել ազատ ու կարծես անկառավարելի է, և հեղինակի ազդեցությունը, թվում է, թե աշխատանքի կերտման վրա հասցված է մինիմալի։
«Հետքեր» շարքի համար նկարիչը ստեղծել է այն պայմաններն ու միջավայրը, որում կրակի բոցերն ու շիթերը, կլանելով մանրաթելային տախտակի վրա փակցված ենթաշրջանակով կտավը, վերացական պատկերներ են կերտում։ Ի սկզբանե որպես վիդեոարտի համար արված աշխատանք, այն առանձին կյանք ստացավ՝ դառնալով վերոնշյալ վիդեոարտի ածանցյալ, բայց ինքնուրույն ստեղծագործությունների շարք»,- նշում են արվեստի կենտրոնից։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը այս ցուցադրությամբ նաև սկսում է «Տաբուլա ռազա» նախագիծը։ Նպատակը սրահի մաքուր, հարթ, դատարկ պատը օգտագործելն է՝ կյանքի կոչելով տարբեր ցուցադրություններ և նախագծեր (այդ թվում՝ փորձարարական)։ Տաբուլա ռազան, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «հարթ, մաքուր տախտակ», դեռևս հին հունական փիլիսոփայությունից սերող տերմին է․ այն կիրառվում է իմացաբանական և հոգեբանական առումով, երբ մարդու գիտակցությունը ծնվելու պահին մաքուր տախտակի հետ է համեմատվում։ Շատ խորհրդանշական է սկսել «Տաբուլա ռազա» նախագիծը Լեո Լեո Վարդանյանի «Հետքեր» շարքով, որտեղ ոչ փոխաբերական, այլ իրական մաքուր սպիտակ տախտակները լիցքավորվում են նոր շերտերով ու իմաստներով։
«Օգտագործելով բնության տարերքներից կրակը, օդն ու նյութը (առանց որոնց այրում տեղի չի ունենում), արվեստագետը ներկայացնում է կրակը որպես ոչ միայն ոչնչացման, այլեւ մաքրման, նոր սկզբի միջոց»,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Լեո Լեո Վարդանյան․ հետքեր» ցուցադրությունը գործելու է 2022 թվականի մարտի 4-ից մինչև մայիսի 29-ը: Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան