ԱԺ-ում քննարկում են Հանրապետության նախագահի ընտրության հարցը, ընդդիմությունը լքեց դահլիճը
Ազգային ժողովում սկսվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ԱԺ 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Խաչատուրյանը։
Ընդդիմությունը բոյկոտեց ՀՀ նախագահ ընտրելու հարցը, ընդդիմադիրները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Վահագն Խաչատուրյանն ասաց, որ այս ամբիոնից վերջին անգամ ելույթ է ունեցել 1999 թվականին, շնորհակալություն հայտնեց ՔՊ-ական պատգամավորներին նման վստահության արժանացնելու համար։
«Իմ տարիքը միգուցե այնպիսին է, որ ես այսպիսի հուզումնալից պահեր չպետք է ապրեի, բայց ես իսկապես զգացված եմ, որ նման պատվի եմ արժանացել։ Հույս ունեմ, որ ձեզ հետ միասին այն բոլոր պատկերացումները, որոնք ունենք Հայաստանի ապագայի վերաբերյալ, անպայման կիրականացնենք, որովհետև կոչված ենք դրա համար»,- ասաց Վ.Խաչատուրյանը։
Նախագահի թեկնածուի խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ առավել ևս կարիք ունեն իմաստության, կայունության, միաբանության և վստահության։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում է 81 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 պատգամավոր։ Սա նշանակում է, որ առաջին փուլում ՔՊ-ն միայնակ չի կարողանա ընտրել նախագահ։
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, այս դեպքում պահանջվում է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Փաշինյանի որոշումները դակող նախագահ. Ագնես Խամոյան
- Վահագն Խաչատուրյանի անդամակցությունը ՀԱԿ-ին դադարեցվել է
- Խաչատուրյանն ասում է՝ նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը