Ներկայացվել է ռուս զբոսաշրջիկների համար նախատեսված մուլտիմեդիոն քարտեզը
Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի ազգությամբ ռուս մարդկանց շրջանում։ Շուտով Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ ոչ միայն հայոց պատմական ու մշակութային ժառանգության հետ, այլև ռուսական հետքի, երկու եղբայրական ժողովուրդների ռազմական փառքի վայրերին։
Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչությունը Հայաստանում մոտ մեկ տարի է, ինչ աշխատանք է տանում ինտերակտիվ մուլտիմեդիոն քարտեզի վրա, որտեղ նշված են 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների պատմական ժառանգության հուշարձանները։
Ներկայացուցչությունւց հայտնում են, որ Գիտությունների Ազգային Ակադեմիայում ներկայացվել է նախագծի փորձնական, նախնական տարբերակը։
Քննարկմանը մասնակցում էին պատմության ոլորտի առաջատար փորձագետներ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յ.Մ. Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Ա.Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փորձագետ Ռ.Ա.Սաֆրաստյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վ.Ա. Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ.Պ.Ղազարյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է.Գ.Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր Վ.Գ. Թունյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ա.Ի.Նովիկովը և այլք: Զբոսաշրջության ոլորտից ելույթ է ունեցել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մ. Ապրեսյանը:
Քարտեզը իրենից ներկայացնում է ինտերակտիվ ինֆոգրաֆիկա: Այն պարունակում է վիզուալ և տեքստային տարբերակով ցուցադրված աշխարհագրական դիրքեր, տեսարաններ (պատմական և ժամանակակից), հուշարձաններ և ամրոցներ, ինչպես նաև ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների մարտերի և հերոսների թաղման վայրերի նկարագրություն։
Ինչպե՞ս է այն աշխատում: Սեղմելով քարտեզում երևացող նշանների վրա՝ օգտատերերը կարող են ծանոթանալ ոչ միայն կոնկրետ պատմական իրադարձության պատմությանը, մարտադաշտի, հուշարձանի նկարագրությանը, այլ նաև հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված եզակի արխիվային նյութերին։
Այս պահին քարտեզում արտացոլված են ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների պատմական ժառանգության 50 օբյեկտներ։
Ըստ աղբյուրի, քարտեզը ներկայացվել է գիտական հանրությանը և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին՝ հետագայում տեղեկատվությունը համալրելու նպատակով։ Մոտ ապագայում այն հասանելի կլինի համացանցի օգտատերերին ու զբոսաշրջիկներին։ Նախատեսվում է, որ քարտեզի վրա նշված օբյեկտներն ու տեսարժան վայրերը կունենան սմարթֆոնների հավելվածների QR կոդով ցուցանակներ։
«Հայաստանը ռազմական գործողությունների ասպարեզ էր Ռուսաստանի և Պարսկական ու Օսմանյան կայսրությունների միջև, որոնք նրա հետ մրցում էին Կովկասում սեփական ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Այս նախագծի նպատակն է հավաքել և հասանելի հարթակում պահպանել անցյալ դարերի պատերազմների ընթացքում ռազմական կարևոր դրվագների և ռուս-հայկական փոխգործակցության մասին տեղեկատվություն։ Այս մասին շատ քիչ հայտնի կամ նույնիսկ բոլորովին անհայտ փաստեր կան»,- ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
Նրա խոսքով, համատեղ պատմական նախագծերը շատ կարևոր են ներկա և ապագա սերունդներին համախմբելու համար, ուստի նա հույս ունի, որ Հայաստանի ակադեմիական համայնքը կցուցաբերի ակտիվ աջակցություն այս պրոյեկտի շրջանակներում:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել է, որ շատ ուրախալի է, որ այսպիսի նախագծի նախաձեռնողը հենց ռուսական կողմն է։
«Ռուս-հայկական հարաբերությունների թեմայով հսկայական գրականություն կա, և մենք՝ պատմաբաններս, 18-19-րդ դարերի ռուս հետազոտողների շնորհիվ է, որ կարողացանք պաշտպանել մեր թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները...»,- քննարկման ժամանակ ասել է Աշոտ Մելքոնյանը՝ թվարկելով այն հիմնական գրականությունը, որը կարելի է օգտագործել այս պրոյեկտի շրջանակներում:
Շարունակելով քննարկումը, պատմական գիտությունների դոկտոր Վալերի Թունյանը խորհուրդ է տվել հատուկ ուշադրություն դարձնել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանի քաղաքական բաղադրիչին։ Նրա կարծիքով՝ հաղթանակի գործում անհրաժեշտ է հաշվի առնել հայ հոգևորականների ազդեցությունն ու գործունեությունը, ինչպես նաև Նախիջևանի հայերի օգնությունը։
Նախագիծը հավանության է արժանացել, ինչի արդյունքում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԱԱ պատմաբանների և գիտնականների հետ ծրագրին աջակցելու վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան