Դատարանը պարտավորեցրել է Փաշինյանին հերքել Հրայր Թովմասյանի մասին հայտարարությունները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մասնակի բավարարել է։
Դատարանը վճռել է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Ըստ դատարանի վճռի. facebook.com սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը։
Վճիռը կայացվել է այս տարվա փետրվարի 17-ին։ Այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել։ Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Վճռի կատարում ենթադրող մասը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 21-ին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ «Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» պահանջների մասին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված այն հարցին ի պատասխան, թե Հրայր Թովմասյանն իր դեմ հարուցված քրեական գործը գնահատել է որպես իր նկատմամբ քաղաքական հետապնդման դրսևորում, Նիկոլ Փաշինյանը «զարմացել է»՝ «տենց բա՞ն ա ասել», այնուհետև հայտարարել է հետևյալը.
«Ասեմ ավելին՝ 2018թ. մայիսից սկսած, սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքան ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան