Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան
«ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի, իսկ այսօրվա նախագահի թեկնածուն կուսակցության անդամ է և նրան ներկայացրել են ներկայիս կառավարության անդամները»,- անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրության գործընթացին՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանը և շեշտեց. «ԱԺ այսօրվա ընտրության մասին կարող ենք ասել, որ կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց ՀՀ նախագահին»:
Նա նաև նկատեց, որ ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող և համախմբող անձնավորություն և հիշեցրեց, որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը հանրապետության գլուխն է:
Օհանյանը հայտարարեց, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը չի կարողացել իրականացնել երկրի գլուխ լինելու իր իրավասությունը և հիշեց, որ 2020թ. մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում նա պետք է հարթակ բարձրանար վերջինը, որպես երկրի գլուխ, բայց նա կանգնած սպասել է վերջինը ժամանող Նիկոլ Փաշինյանին, միջոցառմանը պետական պարգևատրումը նույնպես ինքը պետք է իրականացներ, որը նույնպես արել է վարչապետը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ դժվար է գտնել իրեն հարգող մի անձնավորության, որ ասի, թե գնում է նախագահի պաշտոնի համար պայքարելու, իմանալով, որ չի ընտրվելու և հավելեց, որ այդ անիմաստ գործընթացին ընդդիմության մասնակցությունը լեգիտիմացնելու էր ընտրությունը, իսկ հետագայում ընդդիմության մասնակցությունը միջազգային հարթակներում ներկայացվելու էր որպես ժողովրդավարության ձեռքբերում:
«Ինչպես ԱԺ-ն է գործադիրի կցորդն, այնպես էլ ՀՀ նախագահն է լինելու կառավարության կցորդը»,-հայտնեց Օհանյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց. «Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների համադրված աշխատանքի արդյունքից, եթե այդ արդյունքը մեզ ցույց տա, որ պետք է համապատասխան քայլի գնանք, ապա կգնանք»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ընդդիմության միակ որոշումը մեկն է՝ շարունակել խորհրդարանական գործունեությունը՝ արտաքին հարաբերության և անվտանգության հարցերով առաջարկություններ ներկայացնելով, մյուս կողմից էլ դիմադրության շարժում սկսել խորհրդարանից դուրս:
«Առաջարկում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը զբաղվի իր գործով, մանդատները վայր դնելու հարցում ընդդիմությանը չպետք է կողքից հուշեն»,- հայտնեց պատգամավորն՝ անդրադառնալով Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե նույնիսկ ավտոմատն ընդդիմադիրների ճակատի դնելուց հետո էլ նրանք մանդատները վայր չեն դնի և հավելեց, որ մնացած որոշումներն ընդդիմությունն ընդունելու է 270.000 ընտրողների հետ:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը դիմադրության շարժում իրականացնելիս աշխատելու է ոչ միայն «Հայաստան» դաշինքի համակիրների հետ, այլ ամբողջ ժողովրդի հետ, որոնց մի մասը կարող են իրենց կարծիքը փոխել:
Հարակից հրապարակումներ`
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան