Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նախագահի դերը գերիների վերադարձի հարցում, ի՞նչ պատկերացումներ ունի այդ ուղղությամբ։
Վահագն Խաչատուրյանն ասաց, որ նախագահի ինստիտուտը կարող է օգտակար լինել այդ հարցում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում պարտավոր է բարձրացնել գերիների վերադարձի հարցը։
«Գիտեմ, որ հիմա կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և կառավարության համապատասխան պատասխանատուներն ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են մեր գերիներին վերադարձնել։ Ես կարող եմ ասել, որ Հանրապետության նախագահը այնտեղ իր անելիքն ունի, այդ անելիքը պետք է միացվի այն ամբողջ անելիքներին, որ արվում է այսօր։ Այդ ինստիտուտը կարող է օգտակար լինել։ Այդ ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում նախագահը պարտավոր է ուղղակի այդ ինստիտուտի հնարավորություններն օգտագործել և մեկ օր առաջ գերիներին վերադարձնելու խնդիրը լուծել», - ասաց Վ.Խաչատուրյանը։
Նրա համոզմամբ, եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են՝ կլինի կառավարություն, Ազգային ժողով, նախագահ, և իրենց գործողությունները համակարգվում է առավել ևս այդպիսի զգայուն թեմայի հետ կապված, դա իր արդյունքը կտա:
«90-ականներին սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ ունեինք՝ համագործակցության բացակայություն կար։ Այն մարդիկ, որոնք 90-ականներին աշխատել են պետական համակարգում, իրենք էլ տեղյակ են, որ այդ աշխատանքը պահանջում է համակարգվածություն, մի տեղից ղեկավարում։ Այնպես որ իմ պատասխանը միանշանակ է, որ Հանրապետության նախագահը այդ հարցում անելքի ունի և շատ», - հայտարարեց Վահագն Խաչատուրյանը, ում թեկնածությունը Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Միակ թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Փաշինյանի որոշումները դակող նախագահ. Ագնես Խամոյան
- Վահագն Խաչատուրյանի անդամակցությունը ՀԱԿ-ին դադարեցվել է
- Խաչատուրյանն ասում է՝ նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի
- ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը