Րաֆֆի Հովհաննիսյան. Սա արդեն դիվանագիտություն չէ
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.
«Այսօր նշվում է Դիվանագետի օրը. ուղիղ 30 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, և մեր եռագույն դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև: Բերկրանքի և հպարտության, մեր լինելության, աշխարհին մեր երկրի ինքնիշխան վերադարձի արտապատկերն էր:
Ուրախությամբ չէ, սակայն, որ երեք տասնամյակ անց պարտավոր ենք արձանագրել, որ Հայաստանի սասանված վարկը, կենսական պետական շահը և համազգային համերաշխության հրամայականը պահանջում են գործող վարչապետի անհապաղ պաշտոնաթողումը և ազգային համախմբման իշխանության սահմանադրական ձևավորումը:
Աղետալի նոյեմբերից ի վեր, և ի հեճուկս արդեն սպառված որևէ «մանդատի», սա ուղղակի առարկայական օրինաչափություն է: Նա, ում ղեկավարմամբ ու ձեռամբ կնքվեց, ապաև շարունակվեց կիրարկվել հայրենազրկումը՝ բռնի ուժով թե ինքնակամ, պիտի վայր դնի իր լիազորությունները՝ հաջորդներին թողնելով ապաքինման և վերականգնման ծանր պարտականությունների ժառանգությունը:
Պատմությունն ինքը կորոշի հերոսներին և դավաճաններին, բայց այսպիսի անփոփոխ, հեղհեղուկ ընթացքը պարզապես կույր է ու անթույլատրելի, քանի որ գնում է ամբողջացնելու հայրենազրկման՝ թշնամական մեծ ծրագիրը և կանխորոշելու պատմագրության հետագա հոլովույթն ու խստագույն դատավճիռը:
Մեր Հայրենիքն ու ինքնությունը, արժանապատվությունն ու ժողովրդավարությունը ծայրահեղ վտանգված են: Եվ ողբերգությունը խորություն ու թափ է հավաքելու, եթե ժողովրդի ջերմությամբ եկածը վերջապես իրական առաջնորդի սթափ հատկանիշ չցուցաբերի և՝ փրկարար ինքնաբացարկ չներկայացնի:
Անհրաժեշտ է նաև, որ պետության նախկին ղեկավարները նույնկերպ՝ առաջնորդին վայել պահվածքով օգնեն, որ Հայաստան նավը շարժվի ոչ թե ի շրջանս յուր, այլ դեպի ապագա՝ ճանապարհ բացելով քաղաքական նոր լուծումների համար:
Սա արդեն դիվանագիտություն չէ: Հինգ հազար սրբազնացած տղաներն են, մեկ էլ Ղազանչեցոցի զանգակատունը՝ հավատացյալ, սպասող, հայրենաշունչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան