Լուսառատցիների գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտվում են
Գյուղատնտեսական աշխատանքների թեժ պահին լուսառատցիները ստիպված են չորս օրը մեկ ընդհատել աշխատանքներն ու հասնել մարզկենտրոն Արտաշատ։
Բանն այն է, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներն իրենց հողեր մուտք գործելու համար պետք է ունենան ռուս սահմանապահ ծառայության կողմից տրամադրված անցաթղթեր։
Panorama.am-ի խմբագրություն ահազանգած գյուղացիները պատմում են, որ մինչ այս պահը անցաթղթերը տրամադրվում են հնգօրյա ժամկետով, ընդ որում հինգերորդ օրն արդեն հողատարածք մտնել չեն կարող։
«Ամեն չորրորդ օրն այգու էտը ընդհատում ենք, գնում 10 կմ ճանապարհ, ծախսում վառելիք, ժամանակ, հասնում Արտաշատի մոտ՝ Շահումյան գյուղում տեղակայված ռուսական զորամաս, որ մեզ նորից անցաթուղթ տրամադրեն։ Սա այն շրջանն է, որ ամեն րոպեն թանկ ու կարևոր է բերքատվության համար»,-խնդիրը ներկայացնում է լուսառատցին։
Անցած տարիներին փետրվարին տրամադրվում էին երկարաժամկետ անցաթղթերը, որոնցով ողջ տարվա ընթացքում կարելի էր հողամաս մուտք գործել։
Խնդրի մասին հողագործներն ահազանգել են համայնքի ղեկավարին, վերջինն ասել է՝ իր հնարավորությունների սահմանում ամեն բան արել է։ Գյուղացիները մարզպատերանի շենք են գնացել, բողոքել։
«Հարևան գյուղում՝ Եղեգնավանում բոլորին երկարաժամկետ անցաթղթեր են տրամադրվել։ Ո՞րն է խնդիրը, որ մեզ էլ չեն տալիս։ Թե ոստիկանությունում, թե ԱԱԾ-ում մեր բոլորի տվյալները կան։ Հողի սեփականատերերը, նրանց ընտանիքի անդամները չեն փոխվել, ինչի՞ են ձգձգում»,-բարկանում է լուսառատցին, որը երկարաժամկետ անցաթուղթ չստանալու մասին որևէ մեկից որևէ հիմնավորում չի ստացել։
Արարատի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Պողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, խնդրին տեղյակ են։
«Հենց երեկ մարզպետը եղել է սահմանապահ զորամասում։ Խնդիրը զուտ տեխնիկական է։ Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում Լուսառատի բնակիչներին կբաժանվեն անցաթղթերը։ Պարզապես չեն հասցրել կազմակերպել, որ բոլորին միանգամից երկրաժամկետ անցաթղթեր տան»,-ասաց մարզպետարանի ներկայացուցիչը։
Panorama.am-ը երկու օր անց կանդրադառնա խնդրին։