«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորման քրգործով 9 անձ տուժող է ճանաչվել
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի Անգուս» ռեստորանում սնվելուց հետո քաղաքացիների աղիքային սուր թունավորման փաստով հարուցված քրգործի նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել ու հարցաքննվել են 9 անձինք: Այս մասին Panorama.am-ին հայտնում են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Panorama.am-ը, վկայակոչելով ՔԿ մամուլի խոսնակի փոխանցած տեղեկությունները, գրել էր ««Երեմյանների» ռեստորանում, «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործը տեղում դոփում է»։
ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունից պարզաբանում են՝ աշխատանք են կատարել, ապա թվարկում են.
««ԵՐԵՄՅԱՆ ՓՐՈՋԵՔԹՍ» ընկերությանը պատկանող «Բուրգըր» սննդի կետից տարբեր տեսակի սնունդ օգտագործելուց հետո ստացած սուր աղիքային թունավորման փաստի առթիվ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է թիվ 13774221 քրեական գործը, որը 2021 թվականի դեկտեմբերի 1-ին ստացվել է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին՝ նախաքննության և ընդունվել է վարույթ:
Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել ու դեպքի հանգամանքների վերաբերյալ հարցաքննվել են 9 անձինք։
Կայացվել են որոշումներ հիշյալ անձանց վերաբերյալ դատաբժշկական փաստաթղթային փորձաքննություններ նշանակելու մասին:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն նույն վայրում թունավորում ստանալու վերաբերյալ դիմել են նաև ևս 5 քաղաքացիներ:
Վերոնշյալ քրեական գործով պլանավորած քննչական ու դատավարական գործողությունները ավարտելուց և համապատասխան փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գործերով անցնող անձանց արարքներին տալ վերջնական քրեաիրավական գնահատական»։
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 20-ին «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում սնված 13 քաղաքացի, «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Panorama.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը։
«Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ ՍԱՏՄ-ից ավելի վաղ հայտնել էին, որ համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:
«Երեմյան Փրոջեքթսը» միավորում է «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», «Կազա Նոստրա», «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանները, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանները և «Սիզընս» նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում գրանցված թունավորումների դեպքով քրգործ է հարուցվել
- Գեորգի Ավետիսյան. Թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը
- «Հայր և որդի Երեմյաններ»-ում՝ որպես ռիսկային տնտեսվարող ստուգումներ կիրականացվեն
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների աղիքային վարակի հարցում հումքը «մեղավոր» չէ
- ՍԱՏՄ. «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանի վերաբերյալ ՀՎԿԱԿ հրապարակած արդյունքներն արժանահավատ են ու անհերքելի փաստ
- ՀԿՎԱԿ. «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում աշխատակիցների կողմից չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները
- Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում