Մեր բանակցային գործընթացի ընթացքում համանախագահ որևէ երկրի կողմից չի հնչեցվել փաստարկ, որ սեղանին փուլային լուծում է. Մամիջանյան
Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նախ հիշեցրեց Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նախորդ իշխանությունների ժամանակ արված տարբեր հայտարարություններ, նշեց, որ իրենց օրոք երբեք համանախագահ որևէ երկրի կողմից չի հնչեցվել փաստարկ, որ սեղանին փուլային լուծում է ու սա այս իշխանությունը չի կարող հերքել։
«Երեկ այս ամբիոնից որակումներ տալով Մադրիդյան սկզբունքներին, Փաշինյանը գնաց օպերայի և բալետի դահլիճում իրականացվող հայ դիվանագետի օրվա հետ կապված տոնակատարությանը և հպարտորեն ասաց, որ իրենք պաշտպանելու են և ձգտելու են նույն սկզբունքների հիման վրա հասնել խնդրի լուծման։ Ավելին՝ ձեր ծրագրում դա նշված է։ Այդ վատ, հակահայկական լուծումները ձեր ծրագրում է նշված որպես հիմք, դա ձեր նպատակն է։ Բայց ո՞նց է այդքան վատը»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ երկար կարող է խոսել, թե ինչպիսի բանակցային, դիվանագիտական ժառանագություն, Հայաստան-ՌԴ միջև դաշնակցային վերակնքված պայմանագիր են թողել այս իշխանություններին, իսկ այս իշխանությունները հաջորդներին թողնելու են ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիր։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ ՀՀԿ թողած բանակցային ժառանագությունն է աշխատանքային Կազանի փաստաթուղթը, որի հիմնադրույթների հիման վրա ներկայացվել են հետագա բոլոր քննարկումները։
«2019 թվականի ապրիլին ձեզ ՌԴ կողմից ներկայացվել է մի փաստաթուղթ և 2020 թվականին, թեև անդադար հերքում էիք, որ սեղանին ոչ մի փուլային լուծում չկա, բայց էլի լավ է, որ անկեղծություն ունեցաք և այս ամբոինից ասացիք, որ դա եղել է բանակցային փաստաթուղթ և քննարկվել է ձեր կողմից։ Այդ փաստաթղթի վերաբերյալ 2020 թվականին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակ ասաց, որ դա փուլային լուծում է։
Մեր բանակցային գործընթացի ընթացքում երբեք ռուսական կամ համանախագահ որևէ երկրի կողմից չի հնչեցվել փաստարկ, որ սեղանին փուլային լուծում է ու սա դուք հերքել չեք կարող»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավորը։
Նա նաև հիշեցրեց, որ այստեղ քննարկվում էր, թե ինչպես են անվանվել ազատագրված տարածքները՝ բուֆերային գոտի, անվտանգության գոտի և այլն։
«Գիտեք՝ ոչ այդքան էական է, թե ինչպես են դրանք անվանվել, էականը, որ դրանք պահվել են մեր օրոք»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գաղափարական առումով, հայենիքի ազատագրման առումով այն մեզ համար Սանասար է. Սեյրան Օհանյանի պատասխանը Փաշինյանին
- Փաշինյանը՝ Աժ-ում. Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ...
- Այս իշխանությունը խելքը գլուխը հավաքելու փոխարեն զբաղված է մանր-մունր խորամանկություններով. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան