ԱՊՀ պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը Ադրբեջանը ստորագրել է վերապահումով, ՀՀ-ն՝ հատուկ կարծիքով
ԱԺ-ում քննարկում է կառավարության ներկայացրած «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Նախագծում նշվում է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Համաձայնագրով Կողմերն ստեղծում են բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար: Կողմերը խրախուսում են Համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին եւ արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ:
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի (վերապահումով), Հայաստանի (հատուկ կարծիքով), Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի Ուզբեկստանի կառավարությունների միջև:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. նոյեմբերի 17-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի համար:
«Ստորագրման ժամանակ եղել է Ադրբեջանի կողմից վերապահում և Հայաստանի կողմից հատուկ կարծիք։ Դա այն է, որ այս օրենքը Հայաստանի կողմից չի կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ և հակառակը, այսինքն՝ երկուստեք չի կիրառվելու, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- ասաց Ա. Քոչարյանը։
Հիմնական զեկուցողը նշեց, որ հիմք ընդունելով համապատասխան գերատեսչություններից ստացված եզրակացությունները՝ համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է: Ըստ Ալֆրեդ Քոչարյանի, այն չի ենթադրում որևէ օրենսդրական փոփոխություններ, նոր օրենքի ընդունում, սակայն համաձայնագրի որոշ դրույթներ կարող են հանգեցնել որոշակի ֆինանսական պարտավորությունների և պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների։