Պարոն նախարար, դուք հաշվապա՞հ եք, թե՞ կրթության նախարար. Աննա Գրիգորյան
«Երբ բացվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, 2 հիմնական նպատակ կար՝ տարածքային համաչափ զարգացումն ու սոցիալական խնդիրների լուծումը կրթության միջոցով։ Հիմա այդ նպատակներից ո՞րն է իրականացվել, որ հնարավոր է փակվի մասնաճյուղը»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ վստահորեն կարող է ասել՝ այս խնդիրներից և որևէ մեկը չի լուծվել, հետևաբար անընդունելի է այս որոշման իրականացումը։
«Մի քանի օր առաջ կրթության նախարարն այստեղ կանգնած խոսում էր ինչ որ ֆինանսական խնդիրներից։ Պարոն նախարար՝ դուք հաշվապա՞հ եք, թե՞ կրթության նախարար։ Ձեր ֆունկցիան պետք է լինի որակյալ կրթություն ապահովելը ողջ Հայաստանի տարածքով։ Հիմա փոխանակ գաք ու ասեք, թե ստեղծված խնդիրները ոնց կարող ենք լուծել, որակյալ կրթություն ոնց կարող ենք ապահովել, գալիս ու ասում եք՝ ֆինանսական խնդիրներ կան, նպատակահարմար չենք համարում։
Եթե այդպես է՝ եկեք սահմանամերձ բոլոր բնակավայրերի դպրոցները փակենք, կարող է պարզվի, որ ֆինանսական առումով առանձնապես ձեռնտու չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա համոզված է, որ մասնաճյուղի փակումը լրացուցիչ խնդիր է ստեղծելու սոցիալական առումով։ Ա. Գրիգորյանի խոսքով, մասնաճյուղն ավարտողների 90 տոկոսն աշխատում են Վայոց Ձորի մարզում, էապես փոխել են աշխատաշուկան։
«Լրջագույն խնդիր է, որ պետք է լուծում ստանալ»,- ասաց Աննա Գրիգորյանը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի Սիսակ Գաբրիելյանն իր արձագանքում նշեց. «Եթե կարծում եք, որ նորմալ է, արդյունավետ է պահել բուհ, Երևանից տանել դասախոսներ այն դեպքում, որ վերջին երեք տարիներին, ըստ բուհի ռեկտորի, 14-20 ուսանող է ընդունվել, փորձեք հաղթել ընտրություններում, եկեք ֆինանսավորեք ու պահեք նման բուհեր, որտեղ 20 հոգի է ընդունվում»։
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ որոշողը կառավարությունը չէ, իրենք չեն, այլ բուհն է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան