Դավիթ Մկրտչյան. Կիևը լքելու համար մեկ մայրուղի է մնացել
«Կիևը լքելու համար ընդամենը մեկ մայրուղի է մնացել, որը ռուս զինվորականների վերահսկողության ներքո չէ։ Կիև-Օդեսա մայրուղին է, որը տանում է դեպի հարավ»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
ՈւՄՀ փոխնախագահն էլ այժմ ընտանիքի հետ Կիևում է, մեր զրույցի պահին բնակարանում էին։ Անհրաժեշտության դեպքում իջնում են ապաստարան, պատսպարվում մետրոյի կայարանում։
«Ամենուր գիշեր-ցերեկ պայթյուններ են, Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են, բախումներ են ցամքային, օդային, ռմբակոծություններ են, օդից են խփում»,-իրավիճակը նկարագրում է Մկրտչյանը։
Միության փոխնախագահի տեղեկություններով, մարդիկ դուրս են գալիս քաղաքներից ու ճանապարհվում դեպի երկրի արևմուտք՝ Լվով ու այլ քաղաքներ։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն իրավունք հատել ԵՄ սահմանամերձ չորս երկրների սահմանները՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, նաև Մոլդովա։ Ուկրաինայի քաղաքացի հայերն էլ դուրս են գալիս ավելի ապահով գոտիներ՝ դուրս բերելով երեխաներին, տարեցներին։ Սահմանը չեն կարող հայտնել Ուկրաինայի քաղաքացի 18-60 տարեկան տղամարդիկ»,-մանրամասնեց Մկրտչյանը։
Թե ուր են գնացել հայերն ու հայաստանցինեը սահմանը հատելուց հետո, միության փոխնախագահը չգիտի։
Հայ համայնքից մեկ հաստատված զոհի մասին նա գիտի, Խերսոն քաղաքի խաղաղ բնակիչ էր՝ Վահիկ Սողոմոնյանը։
«Վիրավորների ու այլ զոհերի մասին տվյալներ չունենք»,-ասաց միության փոխնախագահը։
Նշենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարտի 1-ին Խարկով քաղաքում հայ ընտանիքի չորս անդամներ ծանր վիրավորում են ստացել։ Վիրահատվել են, նրանց վիճակը կայուն է։
Ուկրաինայի սահմանակից երկրներից հայերին ու հայաստանցիներին դուրս բերելու համար հատուկ չվերթների կամ այլ աշխատանքների մասին որևէ գերատեսչություն չի հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները. Sputnik Արմենիա
- Ուկրաինայում խաղաղ հայ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»
- ՈՒՀՄ փոխնախագահ. Ուկրաինայում զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան
- Դոնեցկում և Լուգանսկում 7-10 հազար հայ է ապրում. Տեր Նարեկ քահանա Ամիրյան