Ինկասացիայի մեքենայից պարկով գումար գողացած տղամարդը ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ երեկ՝ մարտի 2-ին՝ ժամը 13:50-ին, քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ» բաժանմունքի դիմաց կայանված հիշյալ ինկասացիայի ավտոմեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված գումարով պարկը, որի մեջ եղել է 6.500.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք և պատրաստակամություն հայտնել ներկայացնել գողոնը:
33-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է իր բնակարանում պահվող 6.500.000 ՀՀ դրամ գումարը, որն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին