ՀՀ-ում երեխաների շրջանում արձանագրվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում. ԱՆ
Գիրության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ամեն տարի` 2010 թվականից սկսած, մարտի 4-ը նշվում է որպես գիրության համաշխարհային օր` նպատակ ունենալով մարդկանց իրազեկել գիրության խնդրի և վտանգների վերաբերյալ, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն գիրությունից ազատվելու, այն կանխելու ուղղությամբ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին 30 տարվա ընթացքում ճարպակալումով տառապող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ ունեցել է ավելորդ քաշ:
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունի ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդն ունի ճարպակալում: 2019 թվականին ԱՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա ունի ճարպակալում կամ հավելյալ քաշ:
Մետաբոլիկ գործոնների (զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր գործակից և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ) տարածվածության բարձր մակարդակները էականորեն մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ըստ «STEPS»-ի կողմից իրականացված ֆիզիկական չափումների հետազոտության` Հայաստանի չափահաս բնակչության 48%-ն ունի ավելորդ քաշ (ՄԶԳ ≥25 կգ/մ2), իսկ 20%-ի մոտ առկա է ճարպակալում (ՄԶԳ ≥ 30 կգ/մ2) (STEPS):
Հայաստանում երեխաների շրջանում արձանագրվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում և երեխաների գիրության խնդիրն օրակարգային հարցերից է:
Ժողովրդագրության և առողջության հարցերի 2015 թվականի հետազոտություններով՝ մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 15%-ն ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում:
Համաձայն «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» հետազոտության` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 18%-ի և տղաների 26%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ ճարպակալում, 15 տարեկանում այս թվերը նվազում են` հասնելով համապատասխանաբար 6% աղջիկների և 15% տղաների շրջանում:
Ճարպակալման անմիջական պատճառներից է քաղցրի չարաշահումը: Մի շարք ուսումնասիրություններ վկայում են ճարպակալման` քաղցր գազավորված ըմպելիքների չարաշահման հետ կապի մասին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ:
Գիրությանը և ճարպակալմանը նպաստող մեկ այլ գործոն է մեծ քանակությամբ աղ պարունակող մթերքների, այդ թվում՝ կիսաֆաբրիկատների, պատրաստի ուտեստների, պահածոների, ապխտած մթերքի, տարատեսակ պատրաստի սոուսների և նմանատիպ այլ մթերքների չարաշահումը:
Ավելցուկային քաշի և ճարպակալման հարցը ներկայումս, առավել քան երբևէ, դարձել է առողջապահության նախարարության առաջնահերթ օրակարգային հարց:
Հարկ է նշել, որ ճարպակալումը COVID-19 վարակի հետևանքով մահվան ելքերի և հիվանդության ավելի ծանր դեպքերի ռիսկի գործոն է:
Առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների» ծրագրում ներառվել են միջոցառումներ, որոնք միտված են առողջ սնուցման կարևորության վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացմանը և անառողջ սննդից հրաժարվելու վարքագծի ձևավորմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչպես ասել երեխային, որ նա ավելորդ քաշի խնդիր ունի, առանց վնասելու. մանկական ճարպակալում (Մաս 2)
- «Արագ սնունդը գործում է որպես թմրանյութ». ի՞նչ են ուտում մեր երեխաները (Մաս 1)
- Հոկտեմբերի 11-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է
- ԱՀԿ. Երեխաների շրջանում ճարպակալության մակարդակը համավարակի ընթացքում աճել է
- Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում