Ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը
Տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է արցախցի լրագրող Անահիտ Դանիելյանը։ Գույժը հայտնում են Արցախի Պետական համալսարանից։
Ա. Դանիելյանը 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։
«Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։
ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում են Անահիտ Դանիելյանի հարազատներին ու մտերիմներին և կիսում կորստյան ծանր վիշտը։ Ա. Դանիելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-ասված է ԱրՊՀ հրապարակած մահազդում։
ԱԻ նախարարությունը մանրամասներ է հրապարակել ավտովթարի մասին։ Այն տեղի է ունեցել երեկ Մ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին:
Ահազանգից հետո վթարի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը պարզվել է, որ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի 17-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով բախվել են «Mercedes-Benz Vito» (վարորդ՝ Գ. Շ., ծնված 1966 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) մակնիշի ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mitsubishi pajero» ավտոմեքենայի ուղևոր Ա. Դ.-ի (ծնված 1977 թ.) դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: