Նոր ապացույցներ. կորոնավիրուսի տարածման առաջին վայրն՝ Ուհանի ծովամթերքի շուկան
Կորոնավիրուսային վարակը, հավանաբար, սկսվել է Ուհանի ծովամթերքների շուկայում՝ վանդակից փախած կենդանիների հետ մարդու շփման արդյունքում: Ինչպես տեղակացնում է «Գազետա.ռու»-ն՝ այս մասին հայտնել է NPR-ը՝ հղում անելով համաճարակաբանների տվյալներին։
Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ գիտնականների շրջանում տարածված էր այն կարծիքը, որ վիրուսը կարող էր արտահոսել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից, որտեղ անցկացվել են կորոնավիրուսների հետազոտություններ, այժմ հետազոտողները հակված են համաճարակի բնական ծագման վարկածին:
Ըստ աղբյուրի՝ այս մասին վկայում են միանգամից մի քանի փաստ։ Նախ, այնպիսի կենդանիներ, որոնք հաճախ մարդուն փոխանցվող վիրուսային հիվանդությունների կրողներ են, ինչպիսիք են կուղբերը, աղվեսները, թեփամորթները (պանգոլիններ) և ջրարջանման շները, իրականում վաճառվել են Ուհանի շուկայում 2019 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին:
Երկրորդ՝ այդ կենդանիներին վանդակներով տեղափոխել են բեռնատար մեքենաներով, որոնցում նույնպես հայտնաբերվել են COVID-19-ի հետքեր։
«Այս ուսումնասիրությունները լիովին չեն բացառում այլ տեսությունները, սակայն կորոնավիրուսի բնական ծագման վարկածը դառնում է շատ ավելի համոզիչ»,- ասել է Լուիզիանայի պետական համալսարանի վիրուսաբան Ջերեմի Քեմիլը:
Մինչ այս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ տվյալներ չունի SARS-Cov-2-ի ծագման մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ հետախուզությունը զեկույց է հրապարակել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ
- Չինաստանը սահմանափակումներ է դնում կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետազոտությունների վրա․ CNN
- Չինաստանը կոչ է անում չշտապել կորոնավիրուսի ծագման հետ կապված եզրակացություններ անել