Կառավարությունը 160 մլն դոլար վարկ է վերցնում ընթացիկ տարվա բյուջեի դեֆիցիտի մի մասը ֆինանսավորելու համար
«Տարվա սկզբից առաջիկա մասհանումների հետ կապված մենք վճարում ենք պարտավորության վճար, այնուհետև, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը տրամադրի վարկը, մենք այդ պարտավորության վճարը հետ ենք ստանալու»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատել էր 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը, որը հետագա բանակցությունների և վերանայումների ընթացքում աճել է և այն ուղղված է տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:
Վահե Հովհաննիսյանը պատգամավորներին հայտնեց, որ ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով, իսկ ներկայացված նախագծով քննարկվում է նախատեսված 7-ից 5-րդ և 6-րդ վերանայումները՝ և յուրաքանչյուր վերանայման դեպքում տրամադրվել է 25 մլն ՀՓԻ:
Նա պարզաբանեց, որ այս փուլում ստացվելիք 160 մլն դոլար վարկը հաշվարկվելու է 2 % վճարով, բայց քանի որ նրա ժամկետայնությունը 5 տարի է և գումարն առաջիկա 1-2 տարում է նախատեսվում մարել, ապա այդ տոկոսադրույքը չի վճարվի:
Պատգամավոր Իշխան Զաքարյանի մի քանի պազաբանող հարցերից հետո Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ ամբողջ վարկի համար տոկոսադրույքը դառնում է մոտավորապես 3.2 %, բայց այն հստակ չէ, քանի որ տոկոսները լողացող են:
«Սա բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով ներգրավվող վարկ է և, ինչպես գիտեք, «2022թ. բյուջեի մասին» օրենքով նախատեսված է 99 մլրդ դրամ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով ներգրավվելիք վարկեր, սա դրա մի մասն է կազմում»,-ասաց Ֆինանսների փոխնախարարը և հավելեց, որ այն անմիջականորեն կապված չէ բյուջետային որևէ ծախսի հետ:
Նրա խոսքով՝ ստացվելիք վարկն ամբողջությամբ չի փակում բյուջեի դեֆիցիտը և կառավարությունը բանակցություներ է վարում միջազգային այլ կազմակերպությունների հետ այն ֆինանսավորելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ:
2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ բյուջետային միջոցներ: Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին «Մտադրությունների նամակ»-ով դիմել է ԱՄՀ-ին՝ հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն ներգրավելու նպատակով:
Վերոնշյալ միջոցների մասհանման համար Հայաստանի Հանրապետության և ԱՄՀ-ի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը, ինչպես դա իրականացվել է 2020 թվականին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան