Վիվա-ՄՏՍ. Տարբեր մարզերում տան տեր է դարձել Արցախից տեղահանված 15 ընտանիք
Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հնարավորինս աջակցում են պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: 2021 թվականին, բնակարանաշինության ծրագրով տուն է կառուցվել տեղահանված 15 ընտանիքի համար: Շահառուների մյուս մասը սոցիալապես անապահով խմբից է:
Վիվա-ՄՏՍ ընկերությունը մանրամասնում է՝ Խաչատրյանների ընտանիքը Արցախից Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղ է տեղափոխվել 44-օրյա պատերազմից հետո: Ընտանիքի հայրը՝ Գևորգը, շտապ օգնության վարորդ է եղել. հիշում է, թե ինչպես էր հրետակոծության տակ վիրավորներ տեղափոխում՝ մտածելով կռվի դաշտում գտնվող կրտսեր որդու՝ Գուրգենի մասին: Պատերազմի ավարտից հետո, թիկունքում թողնելով տարիների ստեղծած տուն-տեղը, այգին ու փոքրիկ ֆերման, Խաչատրյանները տեղափոխվել են Վայոց ձոր, գնել կաթացող տանիքով, հին ու խարխլված կիսակառույց մի շինություն:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ՝ ապրելու համար անհարմար շինությունը դարձել է բոլոր կոմունալ հարմարություններով ապահովված բնակելի տուն: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչատրյաններին՝ նրանց հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:
«1999 թվականից ընտանիքս Նոր Հաջնից Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղ էր տեղափոխվել նոր կյանքի հույսով: Բոլորս աշխատում էինք, զուգահեռ հասցնում էինք նաև գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել: Պատերազմի պատճառով կորցրեցինք ամեն ինչ… Ծանր էր շատ, բայց ինչ կարող էինք՝ արեցինք: Հուսահատվելու իրավունք չունենք: Արդեն այստեղ՝ Ագարակաձորում, փոքր տղայիս ենք նշանել. նոր կյանքի էջ ենք սկսում», -ասել է ընտանիքի հայրը՝ Գևորգը:
Ընտանիքի ավագ որդին հիմա ոստիկանությունում է աշխատում, կրտսերը պատրաստվում է զինվորական դառնալ: Գևորգն ու կինն արդեն թոշակառուներ են, սակայն՝ դեռ ավյունով լի: Պատրաստ են ամեն ինչում օգնել, թև ու թիկունք լինել զավակներին:
«Տարիներ առաջ, մեր համագործակցության կարևորությունը ներկայացնելիս, ընդգծում էի, որ սա երկարաժամկետ ազդեցության ծրագիր է. այն ավարտվում է, սակայն դրական ազդեցությունը մնում է երկար տարիներ: Ամենատարբեր ընտանիքների հետ երկար տարիներ շփվելուց հետո, այժմ առավել ճիշտ բնորոշող արտահայտություն եմ ուզում անել. սա ապրեցնող ծրագիր է: Այն հուսադրող, մարդկանց մեջ հավատ արթնացնող կարևորագույն միջոց է: Երբ հեռավոր որևէ գյուղում իր հոգսերի հետ մենակ մնացած մարդն զգում է, որ հենարան ունի, հավատում է իր ուժերին, ջանքեր է գործադրում և արժանապատվորեն հաղթահարում է եղած խնդիրները: Սա կարևոր ցուցիչ է մեզ համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«2021 թվականի բնակարանաշինության ծրագրում Արցախից տեղափոխված ընտանիքները առաջնահերթության ցանկում էին: Վստահ եմ, որ այս ընտանիքը նորից կվերագտնի իր անդորրը, և տեղահանության դառը հիշողությունները կանցնեն պատմության գիրկը»,- ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար
- Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված ընտանիքը տուն է կառուցել և հաստատվել Վայոց ձորում
- Վիվա-ՄՏՍ. 25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել
- Վիվա-ՄՏՍ. Ավարտված շինարարություն՝ սահմանապահ Պառավաքարում