AMX. Առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ է գրանցվել
Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի փետրվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետեր AMX խմբից հայտնում են, որ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ծավալը կազմել է 40 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 10.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի փետրվարի համեմատ գրանցելով 432% աճ (ավելի քան 5 անգամ): Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 81 գործարք։
Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 497.2 մլրդ դրամ, որը 8.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2021 թ․-ի փետրվարի համեմատ աճել է 57%-ով՝ հատելով 6.3 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 241 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 101-ի։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի փետրվարի համապատասխան ցուցանիշը 26%-ով։
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նոյնպես բազմապատիկ աճել է՝ հասնելով 54 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 90%-ով՝ հասնելով 260.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 92 գործարք։
Բորսայական գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆոնդային բորսայից կարող եք ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր
- Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն. Ֆինանսական համակարգը կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին