Խոսքը ստրիմինգային գործարքի մասին է, որը ՊԵԿ-ի հետ համաձայնեցված էր. Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ-ի տուգանքի մասին
«Ինչքան հասկանում եմ այստեղ խոսքը գնում է ստրիմինգային գործարքի մասին, որն այն ժամանակ եղել է բաց և ՊԵԿ-ի հետ համաձայնեցված»,- անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) ՊԵԿ-ի կողմից մոտ 30 մլն դոլարի տույժի նշանակման փաստին՝ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը:
Նա ժխտեց լրագրողի պնդումը, թե այդ գործընթացի ժամանակ, ինքը եղել է ԶՊՄԿ-ի տնօրենը՝ շետելով, որ այդ տարիներին եղել է Սյունիքի մարզպետ, և բաժնեմաս չի ունեցել կոմբինատում:
Ներկայացնելով ստրիմինգային գործարքի էությունը՝ Հակոբյանը բացատրեց, որ, ինչքանով իրեն է հայտնի, այն տարիների պղնձի ցածր գներով պայմանավորված և, հաշվի առնելով կոմբինատի վիճակը՝ պարտքերի բեռը՝ ԶՊՄԿ-ի օպերատիվ ղեկավարությունը, կոմբինատի խորհրդի իմացությամբ, որոշում է կայացրել կնքել ստրիմինգային գործարք, որով պղնձի խտանյութը մի քանի տարով վաճառվել է ինչ-որ ընկերության՝ հետագա մատակարարումների համար գումարը միանգամից ստանալու պայմանով և հետագայում, երբ պղնձի գները կայունացել են, այդ գործարքը չեղարկվել է
Վահե Հակոբյանի խոսքով՝ ՊԵԿ-ը համարել է, որ այդ գործարքի և օպերատիվ ղեկավարության գործողությունների արդյունքում պետությանը 15 մլրդ դրամի վնաս է հասցվել:
Պատգամավորը լրագրողներին խորհուրդ տվեց այդ որոշման մասին հարցերն ուղղել ԶՊՄԿ տնօրենին։
Լրագրողի դիտարկմանը, թե որոշ տեղեկություններով ԶՊՄԿ տնօրեն Մհեր Պոլոսկովի վրա իշխանությունները ճնշում են գործադրել, քրեական գործ չհարուցելու պայմանով ստիպել այդ գումարը վճարել, որը նա վճարել է՝ վաճառելով կոմբինատում ունեցած իր 12.5 % բաժնեմասը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն արձագանքեց, թե չի բացառում տնօրենի վրա ճնշումներ գործադրելու փաստը և, որ Պոլոսկովը վաճառել է կոմբինատում ունեցած իր բաժնեմասը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը դիլետանտ մոտեցում է դրսևորվում. Վահե Հակոբյան
- Հայ համայնքի ներկայացուցիչները կարող են ՀՀ վերադառնալ արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից պետությունների միջոցով. Աղաջանյան