9-րդ դասարանի ավարտին բնագիտական առարկաների քննությունների համար սահմանվել է լաբորատոր փորձի պահանջ
Ինպե՞ս բարելավել բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների ուսուցումը։ Հարցի պատասխանը գտնելու համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկում են կազմակերպել։
Նախարարությունից մանրամասնում են՝ «հանդիպմանը մասնակցել են ՏՀՏ և ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող առաջատար կազմակերպություններ:
Նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ ԲՏՃՄ ոլորտում ավագ դպրոցների աշակերտների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը միտված ծրագիր է նախաձեռնել` կարևորելով մասնավորապես արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտային գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերումը:
Նախատեսվում է մշակել կրթական ծրագրեր և ռեսուրսներ, իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ, ստեղծել գնահատման համակարգ՝ մշակելով նաև տաղանդների բացահայտման գործիքակազմ:
Նա նաև նշել է, որ 2021 թվականի փետրվարին ընդունված հանրակրթության չափորոշչում և հաջորդաբար հաստատված առարկայական չափորոշիչներում ԲՏՃՄ ուղղության վրա հատուկ շեշտադրում է արված: Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականի սեպտեմբերից փորձարկվող նոր չափորոշիչը ՀՀ բոլոր դպրոցներում ամբողջությամբ կներդրվի փուլային տարբերակով մինչև 2026 թվականը: Այդ ընթացքում նախատեսվում է ՀՀ բոլոր դպրոցներն ապահովել ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաներով:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` հիմնական մտահոգություններից մեկը ԲՏՃՄ առարկաները դասավանդող որակյալ մասնագետների պակասն է՝ հաշվի առնելով, որ նման կադրերն այլ ոլորտներում ավելի բարձր վարձատրվող աշխատանքը գերադասում են մանկավարժությամբ զբաղվելուց:
Ըստ աղբյուրի, պետությունը մանկավարժական գործունեության գրավչության բարձրացման և կադրերի պակասը լրացնելու նպատակով օրենսդրական մի քանի նոր կարգավորումներ է տվել: Մասնավորապես, եթե մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը մանկավարժի որակավորում ունեցող մասնագետի կողմից չի համալրվում, ապա համապատասխան ոլորտի բարձրագույն կրթությամբ անձը կարող է համալրել այդ տեղը՝ զուգահեռաբար ստանալով մանկավարժական կրեդիտներ։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը բարձրացնել՝ սահմանելով 200 հազար դրամ, որի նկատմամբ էլ կկիրառվեն կամավոր ատեստավորման կարգով նախատեսված հավելավճարները։
‹‹Կան նաև այլ՝ խորքային խնդիրներ, որոնք լուծում չեն ստանա անգամ դրույքաչափի բարձրացման դեպքում։ Օրինակ՝ գյուղական փոքր դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, մի շարք առարկաների, այդ թվում՝ ԲՏՃՄ ուսուցիչները լիարժեք բեռնվածություն ունենալ չեն կարող››,- նշել է նա՝ ավելացնելով, թե այժմ քննարկվում են խնդիրներին համալիր լուծումներ տալու տարբերակներ։
Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ Անդրեասյանը կարևորել է կրթության որակի չափելիությունը։ Այս համատեքստում նա նշել է, որ ուժի մեջ է մտել սովորողների ամփոփիչ գնահատման, ատեստավորման և փոխադրման նոր կարգը, որով նախատեսվում է մյուս տարվանից 9-րդ դասարանի ավարտին բնագիտական առարկաների քննությունների համար սահմանել լաբորատոր փորձի պահանջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան