Դուշման Վարդանի ծննդյան օրն է
«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին - ահա սա է մեր ուժի աղբյուրը»։
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1966 թ. Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ։ Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։
1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի։ Այն մասին, թե ինչն է պատճառը նման որոշման կայացման Վարդանը նշել է. «Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան»։ 1986թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։
Հակառակորդի համար ահ ու սարսափ էր, պատերազմի առաջին օրերից էլ ազերիները նրան կնքել են «Դուշման» անունով:
Վարդանը ոչ միայն մասնակցել է զինյալ պայքարին, այլև եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը և վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և Վարդանի զինվորներն այսօր արցախյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։
Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար են որոնել Վարդանին և գտել են հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։ Այդպես էլ եղավ. Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից ։ Վարդանը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։
«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։
Վարդանը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով։ 2009 թ. հուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում՝ այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվել է հուշարձան։
«Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի…»
Հարակից հրապարակումներ`
- Դուշման Վարդանը օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք. նախագահի գրառումը
- «Երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի»… Դուշման Վարդան … 1992 թ… հուլիսի 3
- Շուշին ազատագրվեց, բայց Դուշման Վարդանը չամուսնացավ… «Ինչու ես ուզում ուրիշի աղջկան դժբախտացնեմ»