Սիմոն Բաբայան. Փաստաբանական համայնքի գրեթե 50 տոկոսը կանայք են
Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը վստահ է՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ակտիվ ներգրավվածությունը շարունակելու է նպաստել մեր երկրի զարգացմանն ու պետականության հզորացմանը.
«Հարգելի կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր բարեմաղթանքները, միաժամանակ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը չպետք է սահմանափակվի միայն այս օրով:
Անգնահատելի է այն առաքելությունը, որը դուք կատարում եք ամուր ընտանիքի և երեխաների դաստիարակության գործում, ինչը մեր հասարակության հաջողության գրավականն է։ Վստահ եմ՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում ձեր ակտիվ ներգրավվածությունը շարունակելու է նպաստել մեր երկրի զարգացմանն ու պետականության հզորացմանը: Այդպիսի հաջողված օրինակ է փաստաբանական համայնքը, որի գրեթե 50 տոկոսը կազմում են կանայք:
Սիրելի՛ կանայք, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ, որ մշտապես լինեք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, լինեք առողջ, երջանիկ ու սիրված:
Ձեզ նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի»։