Անթալիայի դիվանագիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությունը վտանգավոր է. Տիրան Լոքմագոզյան
«Հիմա ինձ հետաքրքրում է, թե երեկ և այսօր կատարվածներից հետո արդյո՞ք Հայաստանը մասնացելու է այդ ֆորումին»,-ասուլիսում ասաց Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հայտնել են, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին իրենց մասնակցությունը կախված է լինելու այդ պահի իրադարձություններից:
Նա նկատեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հարթելու հարցում Հայաստանը միշտ զիջողի դիրքում է:
«Երբ մեր ղեկավարությունը տրվում էր Ադրբեջանին ու Թուրքիային և տալիս էր այն, ինչ իրենք ցանկանում էին, խանգարող էլեմնտներ կային, որոնցից մեկը Ռուսաստանն էր»,-նկատեց թուրքագետը և բացատրեց, որ ՌԴ-ին ձռնտու չէ, որ Հայաստանը «երշիկի նման շերտ առ շերտ վաճառվի», և այդ դիրքորոշումն առաջին հերթին բխում է այդ երկրի շահերից:
Տիրան Լոքմագոզյանի կարծիքով՝ Հայաստանը և Թուրքիան մտածեցին այնպես անել, որ Ռուսաստանը չկարողանա ինչ-որ բան կանխել և այդ նպատակով հայտարարեցին, որ դիվանագիտական հարաբերություններ են ուզում հաստատել, որի համար բանագնացներ նշանակեցին:
Ըստ նրա՝ աշխարհում աննախադեպ բան է, երբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար բանագնացներ են նշանակում, սովորաբար երկրները նստում են սեղանի շուրջ և դիվանագիտական արարողակարգի համաձայն հաստատում են հարաբերությունները:
Տիրան Լոքմագոզյանն ասաց, որ բանագնացների մակարդակով հարաբերություններ սկսելը խոսում է այն մասին, որ այդտեղ կողմերից մեկը պայման ունի, ինչը հասկացավ Մոսկվան և հայտարարեց, որ առաջին հանդիպումը պետք է ՌԴ-ում լինի, սակայն հետագայում կողմերը ձգտում էին Ռուսաստանին դուրս թողնել գործընթացից, ինչի հարմար հարթակներից մեկը Անթալիայի դիվանագիտական ֆորումն է:
«Անթալիայի դիվանագիտական ֆորումն այնպիսի հարթակ է, որ առանց Ռուսաստանի ներկայության, իրենք կարող են ուղղակի նստել և ինչ-որ բաներ պայմանավորվել, ինչու չէ՝ նաև ստորագրել, քանի որ ԱԳ նախարարն է այնտեղ գնում»,-ասաց թուրքագետը և առավել վտանգավոր համարեց, որ այսօրվա դեպքերից հետո ԱԳ նախարարը մասնակցի այդ հանդիպմանը:
Անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին Տիրան Լոքմագոզյանն ասաց. «Այն, որ որոշ շրջանակներ փորձում են մեզ համոզել, որ ռուս-թուրքական տանդեմ կա, հնարավոր չէ, չի կարող նման բան գոյություն ունենալ, քանի որ նրանց շահերը չեն համընկնում, այլ բախվում են»:
Նրա խոսքով՝ միշտ էլ այդ երկու պետությունները հակամարտության մեջ են եղել, իսկ այսօր Թուրքիան շալակել է նաև ՆԱՏՕ-ի բեռը, որը միշտ Անկարային հրահրում է Մոսկվայի դեմ:
«Թուրքիան պատվեր է ստանում գնալ առաջ, բակային կռիվների նման, երբ փոքր երեխայի ձեռքը քարը են տալիս և ասում՝ դու գնա պատուհանի ապակին կոտրի ու փախի, մնացածը մենք կանենք»,-Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները բնութագրեց թուրքագետը և հավելեց, որ բոլոր դեպքերում Անկարան զգուշավոր քաղաքականություն է վարում Մոսկվայի հանդեպ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները