Չեխիայի նախագահը հայ գործարարին հանձնել է ծառայությությունների համար Առաջին աստիճանի մեդալը
Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գևորգ Ավետիսյանին հանձնել է դեռևս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար Առաջին Աստիճանի մեդալը։
Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի փոխանցմամբ, անկախ Չեխիայի պատմության մեջ Գևորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգևի։
Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգևների արժանացել են չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի դերասնուհի Յիրինա Բոհդալովան և հետմահու՝ հանրաճանաչ երգիչ Կարել Գոտտը։ Քովիդի և նախագահի հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգվել էր պարգևների հանձնման արարողությունը։
Հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ուրախությամբ նշել է, որ Գևորգ Ավետիսյանի պարգևատրումը նաև հայության հպարտությունն է, և բարձր է գնահատում հայ գործարարի ներդրումը ոչ միայն Չեխիայում, այլև չեխ-հայկական հարաբերությունների զարգացման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման գործում։