Դրանք ինչ-որ մի տեղ, ինչ-որ անցք փակելու խնդրին են ուղղված. Արթուր Խաչատրյանը՝պետության վերցրած վարկի մասին
«Նրանք, ովքեր ծանոթ են ԱՄՀ-ի կայքին, կհաստատեն, որ թե՛ պահուստային ծրագիրը, թե արագ ֆինանսավորման գործիքը լրիվ այլ նպատակ են հետապնդում, այն է՝ օգնել այն երկրներին, որոնք վճարային հաշվեկշռի խնդիր ունեն»,- խորհրդարնում ելույթ ունենալով «ՀՀ ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Հարցը զեկուցող ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ 2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով Հայաստանին հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (160 մլն դոլար) բյուջետային միջոցները, որոնց մասհանման համար էլ պետք է վավերացվի համաձայնագիրը:
Հարակից ելույթով հանդես եկած Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հարակից զեկույցի ժամանակ հայտնեց, որ վարկը տրվում է պետության ենթակառուցվածքների զարգացման համար:
Արթուր Խաչատրյանը չհամաձայնեց վերջինիս հետ և նկատեց, որ վարկը դժվար է կապել ենթակառուցվածքների հետ:
«Ունենք բյուջե, բյուջեում առաջացել է ճեղքվածքՙ չենք կարողանում մեր օրախնդիր հարցերը լուծել և գնում ենք վարկավորման: Դրանք ինչ-որ մի տեղ, ինչ-որ անցք փակելու խնդրին են ուղղված»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ իր բոլոր ջանքերը կառավարությունից պարզելու, թե ինչի վրա է այն ուղղվելու, ինչ արդյունավետություն է ունենալու, արդյունքի չեն բերել:
«Մենք մեծացնում ենք մեր արտաքին պետական պարտքը և Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել ենք, թե այդ գումարները ներգրավելուց ի՛նչ արդյունք է ապահովվելու, բայց պատասխան չենք ստացել»,- հայտարարեց Խաչատրյանը:
Նկատելով, որ նման վարկ վերցնելը կառավարության քաղաքականության շարունակությունն է՝ պատգամավորը հիշեցրեց, որ երբ նախորդ տարի կառավարությունը հպարտանում էր 750 մլն դոլարը տեղաբաշխելու իր աշխատանքով, որը նաև մտցրել էին կառավարության ծրագրի հաշվետվողականության մեջՙ կրկին որևէ ծրագրին չկապված վարկեր են եղել:
«Այս պարտքը գնում է ենթակառուցվածքների, որ ասում են՝ 1000 դրամ փող տուր, աշխատավարձս կստանամ՝ կտամի տարբերակն է»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում հրատապ պետք է քննարկվեր արցախցիների՝ արդեն երկրորդ օրը ջեռուցում չունենալու հարցը. Գեղամ Մանուկյան
- Ես հասկանում եմ, որ հետտոնական օր է և չէի ուզի այս տհաճ հարցը տալ. Արթուր Խաչատրյանը՝ Լենա Նանուշյանին
- Վահե Հակոբյանը հորդորեց կառավարության ներկայացրած նախագիծը հետ ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում